Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի հետ որևէ կապ չկա

Թեև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդը շարունակում է իր աշխատանքը, բայց առանց թեմակալ առաջնորդի այն գործուն չէ։ Իսկ Արցախի թեմի թեմակալ առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ որևէ կապ չկա։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Այսպես անորոշ վիճակում ենք, որոշումը պետք է կայացվի Մայր Աթոռում։ Մենք հանդիպել ենք Մայր Աթոռի միաբանների հետ, ներկայացրել ենք այդ ամենը, սպասում ենք Մայր Աթոռի և Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմանը։ Անորոշ իրավիճակ է, որովհետև թեմակալ խորհուրդն առանց թեմակալ առաջնորդի գործուն չէ։ Եվ ընդհանրապես, արցախցիների վիճակն այս տեսանկյունից նախանձելի չէ։ Եթե նկատել եք, վերջին շրջանում միայն Տեր Հովհաննեսը կամ այլ քահանաներ են ուղեկցում, երբ Եռաբլուրում հիշատակի որևէ արարողություն է լինում։ Այսինքն՝ արցախցիները թեմակալ առաջնորդ չունեն, դա է խնդիրը։ Իսկ թեմական խորհուրդը գործում է այնքանով, որքանով, որովհետև, եթե թեմակալ առաջնորդ չկա, թեմական խորհրդի աշխատանքն էլ է գրեթե կազմալուծված»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մասին որևէ տեղեկություն չունեն, այն բանից հետո, երբ նա միացել էր Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման նախաձեռնությանը»։

«Ես նախորդ տարվա դեկտեմբերի 8-ից հետո Վրթանես սրբազանի հետ հետ առնչություն չունեմ և իր մասին տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Արցախի մշակութային ժառանգության հարցերը շարունակում է բարձրաձայնել Ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառը վերջին շրջանում ևս հանդիպումներ էր ունենում միջազգային գործընկերների հետ՝ բարձրաձայնելով նաև բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հարցերը։

Հարցին, թե Արցախի թեմը, թեմական խորհուրդը մասնակցո՞ւմ են այդ հանդիպումներին, թե՞ միայն Վեհափառն է ներկայում զբաղվում Արցախի եկեղեցիների խնդիրներով, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխնեց․«Կոնկրետ այս դեպքում Վեհափառն է ներկայացրել խնդիրները, բայց ես Մայր Աթոռի հետ կապը պահում եմ, պարբերաբար հանդիպումներ ունենում եմ։ Բայց չեն կարծում, թե Վրթանես սրբազանը Մայր Աթոռի հետ կապ ունի կամ մասնակցում է այդ հանդիպումներին։ Իր մասին ընդհանրապես տեղեկատվություն չունեմ ես»։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ միանշանակ է, որ այս թեմական խորհուրդը չի կարող աշխատել Վրթանես սրբազանի հետ, իրավիճակին պետք է լուծում տրվի։ «Թեմական խորհրդի հանստատումը, թեմակալ առաջնորդի ազատումը և նշանակումը Վեհափառ հայրապետի իրավազորության ներքո է։ Այսինքն՝ եթե Վրթանես սրբազանը վաղը տեսականորեն ներկայացնի թեմական խորհրդի նոր կազմ, Վեհափառ հայրապետը պետք է հաստատի այն։ Այսինքն՝ թեմական խորհուրդը հաստատվում և լուծարվում է միայն ու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան