Ազատության հրապարակում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ հրավիրած հանրահավաքի մասնակցիները իշխանափոխության պահանջով հանդես եկան։
«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանն ասաց, որ պարտավոր ենք այս հրապարակը լցնել։ Փաշինյանը միայն հաշվի է նստելու ժողովրդի հետ, որը հրապարակում կպահանջի նրա հրաժարականը։ «Բայց մենք ունենք խորհրդարան, որտեղ կան երկու ընդդիմադիր ֆրակցիաներ։ Մենք առաջարկում ենք, որ մեր ժողովրդի պահանջը լինի՝ անվստահության գործընթաց սկսել խորհրդարանում։ Մենք գտնում ենք, որ ձեզ հետ միասին պետք է ձեւավորենք ժամանակավոր կառավարություն, որը պետք է կազմված լինի մասնագետներից։ Եվ այդ ժամանակավոր կառավարություը ժողովրդի աջակցությամբ կարող է հասնել նրան, որ մենք պարտադրենք, որ այս տապալված իշխանությունը հեռանա։ Ես ուզում եմ հիշցնել փաստը՝ Արցախի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն որոշել են ստեղծել Մինսկի խումբը եւ համանախագահների ինստիտուտը։ Դա նշանակում էր, որ ՄԱԿ-ը եւ մյուս միջազգային կառույցները հաստատում էին, որ Արցախի ժողովուրդը բոլոր իրավունքներն ուներ ինքնորոշվելու։ Սա նորից Ադրբեջանին պաս տվեց, ասում է՝ Լիսաբանում գագաթնաժողովի ժամանակ որոշեցին, որ դա կարող է լինել բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Սուտ է, որովհետեւ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է օրինական ճանապարհով»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։
Արցախցի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը կոչ արեց, որ արցախցիները դուրս գան հրապարակ։ «Մենք պետք է ապահովենք ոչ թե մեր վերադարձը, այլ Արցախը վերադարձնենք Հայաստանին։ Կոչ եմ անում մեր հայերնակիցներին՝ զինքներդ թափ տվեց, սրանք մեզանից պետք է դողան, վախենան։ Դե դուրս եկեք ժողովուրդ, մեզանով է այս շարժումն սկսվել, 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարն սկսվել է Հադրութից, Ասկերանից, Մարտակերտից, Մարտունուց, Ստեփանակերտից, որի արդյունքում մենք հետ ենք բերել Շուշին, ցամաքային կապ ենք ստեղծել Հայաստանի հետ։ 120 հազարից եթե 50 հազարը դուրս գան, կթելադրենք, կասենք՝ դուք չեք մեզ ասողը, մենք ենք ձեզ թելադրողը»,- իր ելույթում ասաց Արմեն Պետրոսյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանրահավաքի մասնակիցներին ուղերձ էր հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ «Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր, որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը, սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը եւ մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։ Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում»։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ այսօրվա հանրահավաքն ունի վճռորոշ ու պատմական նշանակություն, դրա իմաստն է՝ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ «Իրավիճակն այնպիսին է, որ կամ Փաշինյանը կգնա, եւ այդ դեպքում Հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, այդ դեպքում հանրապետություն չենք ունենա: Օրեցօր, ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, տարեցտարի կտոր-կտոր Փաշինյանի կառավարությունը բզկտում է այս պետությունը եւ տալիս է հակառակորդին»:
Հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 29-ին։ Իսկ մինչ այդ, բանակցելու են բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ըստ Արամ Սարգսյանի՝ պետք պարզել՝ ո՞րն է պատճառը, որ ընդդիմությունը չի ուզում միավորվել։