Շահրամանյանին մեքենաների համա՞ր են հրավիրել, թե՞ փետրվարի 20-ի ակտիվության

  • 17:13 21.02.2024

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր են ուղարկել՝ առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալու պահանջով։

«Բայց ոչ Սամվել Շահրամանյանի կողմից իրականացրած արարքի կասկածի հիման վրա, այլ համացանցում բոլորս էլ տեսել ենք, որ մամուլում եղել են հրապարակումներ Արցախում մեքենաների, գումարների յուրացման վերաբերյալ։ Սամվել Շահրամանյանն այդ ամենի մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե»,- Ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի բակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպանը:

«Այսինքն ոչ թե Սամվել Շահրամանյանի կասկածվում է ինչ-որ կոռուպցիոն հանցագործության մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ նա համապատասխան հաղորդում է ներկայացրել:

Սա առաջին դեպքը չէ, որ Սամվել Շահրամանյանին կանչում են հարցաքննության, 1,5-2 ամիս առաջ եւս հրավիրվել է ՔԿ եւ հարցաքննվել: Սա երկրորդ դեպք է, երբ իր իսկ կողմից ներկայացված բողոքի հիման վրա նրան հրավիրում են հարցաքննության»,-նշել է նա։

Արցախի պետական գերատեսչությունների մեքենաների նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված քաղաքացիական գործեր կան, որ քննվում են դատարանում, ասել է Աշոտ Դանիելյանի պաշտպանը:

«Որոշ մեքենաներ համապատասխանաբար պաշտպանության նախարարի հրամանով կամ այլ հրամաններով հատկացվել են պաշտոնատար անձանց, նրանց նկատմամբ ՃՈ-ն գրանցել է նրանց սեփականության իրավունքը, եւ այդ մեքենաները տեղափոխվել են Հայաստան: Մեքենաների մեծ մասն առգրավվել է ՊՆ-ի կողմից: Մյուս մասը դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման որոշումների հիման վրա գտնվում է այդ անձանց տիրապետության տակ: Այո, ՊՆ-ն առգրավել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները: Անձն այդ գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք, բայց ՊՆ-ն առանց որեւէ պարզաբանման, դրանք առգրավել է: Որեւէ հիմք չկա այդ մեքենաները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու: Քաղաքացին ինքն է որոշում՝ այդ մեքենան նվիրաբերի Հայաստանին, թե ոչ»,-ասաց նա: