Շահրամանյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանություններն ուզում են փակել Արցախի հարցը

  • 12:27 22.02.2024

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե։

Մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում Սամվել Շահրամանյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչո՞ւ է հրավիրվել հարցաքննության։

«Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի՝ որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, ծանուցման մեջ նշված է, որ իրենք ստացել են իմ՝ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը։ Դրանում ես նշել եմ, որ սոցիլական ցանցերում տեղեկություններ են տարածված, որ Արցախի որոշ պաշտոնյաների կողմից դրսեւորվել են խախտումներ, հիմնականում ֆինանսական ոլորտում։ Եվ ես խնդրել եմ այդ հաղորդագրություններն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդագրություն եւ ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այդ ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ, եւ դրա շրջանակներում ես որպես վկա՝ հրավիրվել եմ հարցաքննվելու»,- ասել է Շահրամանյանը։

Ըստ նրա՝ իր համար շատ կարեւոր է ստանալ այդ հարցերի պատասխանները։ Եվ եթե կան մեղավորներ, անպայման պետք է պատժվեն։

Անդրադառնալով իր անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությանը՝ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ես կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին՝ շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանեիելյանին ազատ արձակելու հարցը, որովհետեւ այդ գործը շինծու է։ Բոլորս ականատես ենք եղել։ Հարցեր են առաջացնում նաեւ ձերբակալության օրինաչափության վերաբերյալ։ 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝ դա մեծ հարցեր է առաջացնում։ Եվ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները»։

Սամվել Շահրամանյանը հավելել է․ «Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն, ինչ կապված է Արցախի հետ, կափարիչ դնեն դրա վրա եւ փակեն այդ հարցը։ Բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ՝ Արցախի խնդրի լուծման համար, արցախցիների խնդիրների լուծման համար։ Մինչեւ այդ հարցը չստանան  արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արյունահոսելու է»։