Ռուսաստան ներխուժելու փորձերը հղի են միջուկային զենքի կիրառմամբ և լայնածավալ հակամարտությամբ․ Պուտին

  • 14:15 29.02.2024

Պուտինը մի շարք ամպագոռգոռ հայտարարություններ է արել ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում՝ սպառնալով, որ «Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր ինտերվենցիոնիստների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն, քան անցյալ դարաշրջաններում»։ Ռուսաստան ներխուժման փորձերը սպառնում են լայնածավալ հակամարտությամբ՝ միջուկային զենքի կիրառմամբ, ասել է նա։

Պուտինը նաև հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության հակառակորդներին, որ «այն ունի զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները»:

Միաժամանակ, ըստ ՌԴ նախագահի, Մոսկվան պատրաստ է երկխոսության բոլոր երկրների հետ՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ուրվագիծ ստեղծելու համար։

Բացի այդ, Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը «եղել և մնում է ավանդական արժեքների հենակետ, և նրա ընտրությունը կիսում են մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Արևմուտքում»։