Էրիկ Պողոսյանին Արցախում շատերն են ճանաչում

  • 11:24 13.07.2023

Էրիկ Պողոսյանին շատերն են ճանաչում Արցախում և նրա սահմաններից դուրս։ Նա հայտնի է իր մեծ տաղանդով և նկարչության հանդեպ կիրքով, որը դրսևորել էր մանուկ հասակից։ Նա նկարում է տասնչորս տարեկանից։ Մասնակցել է մրցույթների, ունի դիպլոմներ։ Էրիկի համար նկարելը ոչ միայն գործունեության տեսակ է, այլ նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց։

Նա բնանկարներ է նկարում ոչ միայն թղթի, այլև քարերի վրա, ինչպես նաև դիմանկարներ, այդ թվում՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի և շատ այլ հայտնի մարդկանց դիմանկարները։

Էրիկն ունի լուրջ ախտորոշում՝ «մկանային դիստրոֆիա»։ Նա երկար ժամանակ վերականգնողական բուժում է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։

Կենտրոնը նրա համար դարձավ երկրորդ տունը՝ նա ակտիվորեն հաճախում էր տարբեր խմբակներ, այդ թվում՝ նկարչական, որտեղ ուսուցչի աջակցությամբ կատարելագործեց իր հմտությունները։ Վերականգնողական կենտրոնի անձնակազմը շատ ջերմ ընդունեց Էրիկին։ Այստեղ նա շատ ընկերներ գտավ։

Մինչ այժմ նա կապ է պահպանում կենտրոնի աշխատողների և հիվանդների հետ։ Ծնողների հետ ապրում է Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում։ Ինչպես մեր հանրապետության բոլոր բնակիչները, Էրիկն էլ ապրում է շրջափակման դժվարին օրեր և երազում խաղաղության մասին արցախյան հողում։

Արսեն Աղաջանյան

f