
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը 2026 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը կայցելի Հայաստան և Վրաստան: Քննարկումները կկենտրոնանան Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ԵԱՀԿ դերի և երկկողմ հարաբերությունների վրա: Հոկտեմբերի 15-ին Երևանում Կասիսը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ։
Կքննարկվի՞ արդյոք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից անցյալ տարվա մայիսին ստեղծված «Արցախի հարթակը», որը առաջարկում էր կազմակերպել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ: Չնայած Բաքուն մերժեց առաջարկը, ինչպես նաև Շվեյցարիայի գործադիր մարմինը, 2025 թվականի մայիսին Շվեյցարիայում կայացած ֆորումը շրջադարձային կետ հանդիսացավ այն գործընթացում, որը Նիկոլ Փաշինյանը անվանում է «Ղարաբաղյան շարժման փակում»:
Արցախի հարցը չի համարվում լուծված՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի փակմանը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հորդորներին: Այս հարցը լուծելու իրավական հիմքեր չկան, և օկուպացիան չի չեղարկել ո՛չ Արցախի բնիկ բնակչության իրավունքները, ո՛չ էլ նրանց օրինական սեփականության և մարդասիրական պահանջները:
2025 թվականի մայիսին Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքների մասին Արցախում գտնվող իր սեփականության նկատմամբ՝ պահանջելով եկեղեցիներ մուտք գործելու և բնիկ բնակչությանը պաշտամունքի վայրեր այցելելու հնարավորություն: Կաթողիկոսի ելույթը պայթյունային էր, քանի որ այն խաթարեց Արցախի՝ որպես Ադրբեջանի մաս «կամավոր ճանաչման» հասնելու սողացող ջանքերը։
Այս ելույթից հետո Հայաստանում սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հետապնդումների արշավ. Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, հայտարարեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ եկեղեցական ողջ գույքը համարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սեփականություն, որը կուսակրոնության ուխտ տված կաթողիկոսը փոխանցում է հաջորդ կաթողիկոսին: Փաշինյանը սակայն մեղադրեց Գարեգին Բ կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ նշելով, որ նա զավակ ունի, և որ վտանգ կա, որ Հայոց եկեղեցու սեփականությունը կժառանգի այդ զավակը:
Շվեյցարիայում շրջադարձային իրադարձությունից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվեց «ուրաց եպիսկոպոսների կոմիտե» (ներառյալ Արցախի թեմի առաջնորդը), քրեական գործեր հարուցվեցին բարձրաստիճան քահանաների, այդ թվում՝ կաթողիկոսի դեմ։ Սակայն, քանի որ դատական մարմինները չեն կարող «պաշտոնանկ անել» կաթողիկոսին, կառավարությունը պատրաստեց «զեկույց», որում ներկայացված են կաթողիկոսի «մեղքերը», նաև խորհրդարանում ստեղծվեց հանձնաժողով՝ այդ մեղքերն ուսումնասիրելու և կաթողիկոսին “հանրային” մակարդակով պարսավանքի ենթարկելու համար։
Հոկտեմբերի 8-ին հանձնաժողովի կազմը հաստատվեց, բայց մինչ այն հաստավում էր, Բաքուն կորցրեց համբերությունը և դիմեց «ջղաձգային» քայլի. օտարերկրյա դիվանագետներ բերեց Գանձասար և Դադիվանք և նրանց ներկայացրեց Հայ եկեղեցու ժառանգությունը որպես «ալբանական մշակույթ և Ադրբեջանի սեփականություն»։ Բաքուն նաև հայց ներկայացրեց Ինտերպոլ՝ Դադիվանքից խաչերի և եկեղեցական գույքի դեպի Հայաստան դուրսբերման վերաբերյալ։
Խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներից մեկը՝ Էդուարդ Աղաջանյանը, Ինտերպոլի գործի կապակցությամբ հայտարարել էր. «Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք է բերվեր Հայաստան։ Այստեղ զարմանալի ոչինչ չեմ տեսնում. սա մեր ազգային ժառանգությունն է, և այն պետք է լինի Հայաստանում»։
Այլ կերպ ասած, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը, ըստ էության, հաստատում է, որ Արցախում եկեղեցական գույքը, այդ թվում՝ եկեղեցիները, Հայ Առաքելական Եկեղեցու սեփականությունն է։
«Խաղաղությունը չի նշանակում ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը, ապա բացառություններ փնտրել Ղարաբաղի, վանքերի, տեղանունների կամ հորինված «իրավունքների» համար։ Այսպիսով, եթե երեք տարի անց էլ որևէ մեկին Երևանում դեռ անհրաժեշտ է այս հիշեցումը, մի մոռացեք 2020 և 2023 թվականների սեպտեմբերը…», – վերջերս գրել է Բաքվի մի թերթ։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը Realpost.am-ին տված հարցազրույցում նշել է, որ «հայկական եկեղեցիները, վանքերը և հայկական կրոնական ու մշակութային ժառանգության այլ վայրերը ո՛չ իրավական, ո՛չ էլ պատմականորեն Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն չեն և չեն կարող համարվել այդպիսին միայն այն պատճառով, որ Արցախի տարածքը ներկայումս ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից»։
Նա նշել է, որ հայկական եկեղեցիների պատմական պատկանելության հարցը պետք է դիտարկել դրանց ստեղծման, պատմական գործառույթի, եկեղեցական իրավասության, համայնքային օգտագործման, սեփականության և իրավական կարգավիճակի ամբողջական համատեքստում։
Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, օկուպացնող տերությունը չի դառնում օկուպացված տարածքի մշակութային ժառանգության սեփականատերը։ Ընդհակառակը, այն ունի հատուկ պարտավորություններ պահպանելու և պաշտպանելու այս ժառանգությունը, նշել է օմբուդսմենը։
Այս առումով, հատկապես կարևոր է Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը «Հայաստան ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Դատարանը պարտադիր ժամանակավոր միջոցառում է կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ պարտավորեցնելով նրան ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլ մշակութային վայրերի պղծման գործողությունները, հիշեցրել է նա։
Այս հարցերը կբարձրացվե՞ն Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստանում կայանալիք հանդիպման ժամանակ։
Նաիրա Հայրումյան