
Արցախից հարկադիր տեղահանվելուց երեք տարի անց շատ ընտանիքների սոցիալական խնդիրները ոչ միայն մնացել են չլուծված, այլև վատթարացել են։ Անօթևանությունը, զբաղվածության դժվարությունները և ցածր եկամուտները ստիպում են մարդկանց փնտրել արժանապատիվ կյանքի հնարավորություններ, այդ թվում՝ Հայաստանից դուրս։ 40 տարեկանից բարձր կանայք հատկապես խոցելի են, քանի որ նրանց համար ավելի դժվար է աշխատանք գտնել և հարմարվել նոր պայմաններին։
Արցախից հարկադիր տեղահանվելուց հետո Լուսինեն, Մոնիկան և Նարինեն իրենց ընտանիքների հետ բնակություն են հաստատել Չարենցավանում։ Երեք տարվա աշխատանք փնտրելը ապարդյուն էր։ Վերջերս կանայք հնարավորություն ստացան փոխել իրենց իրավիճակը. Կոտայքի համայնքներից այլ կանանց հետ նրանք ընդունվեցին կարի դասընթացների՝ «Առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակներում։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական ոչ կառավարական կազմակերպությունը գործում է 1988 թվականից։ Այն իրականացնում է փախստականներին, ներքին տեղահանված անձանց և սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու ծրագրեր։ Վերջին 30 տարիների ընթացքում այս մարդասիրական նախաձեռնությունը վերածվել է Հայաստանում սոցիալական աջակցության խոշոր կազմակերպության։ Կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն՝ առաքելությունն այժմ օգնում է ավելի քան 20,000 շահառուի։
Կազմակերպության հիմնական գործունեություններից մեկը «Փախստականների և ընդունող համայնքների հզորացում. աշխատաշուկայում մրցունակության բարելավում և կայուն ինտեգրման ակտիվ աջակցություն» բազմամյա ծրագիրն է, որը հատուկ շեշտադրում է կատարում կանանց վրա, այդ թվում՝ նրանց, ովքեր դժվարանում են աշխատանք գտնել նոր միջավայրում: Անվճար մասնագիտական ուսուցումը նրանց հնարավորություն է տալիս վերապատրաստվել, ձեռք բերել գործնական հմտություններ և հետագայում աշխատանք փնտրել նոր ոլորտում կամ սկսել սեփական փոքր բիզնեսը։
Չարենցավանից ծրագրի երեք մասնակիցներն էլ գոհ են ուսուցումից և հույս ունեն, որ ձեռք բերված հմտությունները կօգնեն իրենց բացել սեփական փոքր բիզնեսը: Կանանց համար, ովքեր երեք տարի փորձել են գտնել իրենց տեղը նոր միջավայրում, դասընթացները դարձել են ոչ միայն պահանջարկ ունեցող հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, այլև ֆինանսական անկախության հույս։
Չնայած նրանք դեռևս չունեն կահավորված ստուդիա կամ մշտական հաճախորդներ, նրանք ունեն աշխատելու ցանկություն և հնարավորություն՝ փորձելու իրենց ուժերը նոր մասնագիտության մեջ։
Հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը նշել է, որ արցախցիների համար զբաղվածության խնդիրը նույնքան հրատապ է, որքան բնակարանային հարցը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատունակ տարիքի արցախցիների շրջանում գործազրկության մակարդակը կազմում է մոտ 70%, ինչը մոտ հինգ անգամ ավելի բարձր է, քան ՀՀ միջին ցուցանիշը: Գործազուրկների շրջանում կանանց տոկոսի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան: Այնուամենայնիվ, մեր դիտարկումների համաձայն, 40 տարեկանից բարձր կանայք զգալիորեն ավելի դժվար են աշխատանք գտնում իրենց ոլորտում, քան երիտասարդ կանայք:
Բեգլարյանը նաև նշել է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից առաջարկվող անվճար մասնագիտական ուսուցման ծրագրերը որոշ չափով օգնում են լուծել ներքին տեղահանված կանանց զբաղվածության խնդիրը:
«Առաքելություն Հայաստան»-ն այսօր՝ հոկտեմբերի 13-ին նախատեսել է «Աշխատանքի տոնավաճառ 2026»-ը, որտեղ աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան հանդիպելու և կապեր հաստատելու տարբեր ոլորտների գործատուների հետ, ծանոթանալու թափուր աշխատատեղերին, ցուցադրելու իրենց մասնագիտական հմտությունները և ներկայացնելու իրենց ռեզյումեները պոտենցիալ գործատուներին: Տոնավաճառը կանցկացվի Երևանում ժամը 11:00-ից մինչև 16:00-ն՝ Հայաստանի պատմության թանգարանի բացօթյա տարածքում: Կազմակերպվել է ELSI ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ և Arbeiter-Samariter-Bund (ASB) և Mission Armenia կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Ալվարդ Գրիգորյան