«Եթե 40+10 հազար ծրագիրը չշարունակվի, մենք կրկին տեղահանվելու մեծ ալիք ենք ունենալու։ Արցախցիները ներկա դրությամբ տեղավորված են, եթե այս ծրագիրը կրճատվի, նրանք անվճարունակ են լինելու եւ ստիպված են լինելու կրկին նոր բնակարան փնտրել»,- այսօր Մեդիա կենտրոնում «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
Նրա խոսքով՝ արցախցիներին շատերը ստիպված են տեղավորվել Երեւանում, քանի որ աշխատանքի հարց կա, ուսանող երեխաներ ունեն։ Արցախյան 32 կազմակերպություններն իրենց հայտարարության մեջ կոչ են անում ՀՀ կառավարությանը շարունակել այդ ծրագիր։ Կառավարությունը ներկայացրել է նախնական տեղեկատվություն, որ «40+10 հազար» ծրագիրը շարունակվելու է ընտանիքի անչափահաս անդամների համար։
Արմեն Ասրյանն ասաց, որ ըստ տեղեկությունների՝ մոտ 30 հազար արցախցիներ լքել են Հայաստանը։ «Եթե այս ծրագիրը իրականացնեն, մենք ավելի շատ արտագաղթողներ ենք ունենալու»,-ասաց նա։
«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանն էլ նշեց, որ իրականում տվյալներ չկա, թե քանի արցախցի է լքել Հայաստանը, միայն իշխանությունները կարող են այդ թիվը հստակ ասել։ «Ուղղակի մեր ստացած տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ այդ թիվը բավական մեծ է։ Եվ աճի միտումը շատ ակնհայտ է, հատկապես այս տիպի սոցիալական ու բնակարանային ծրագրերի առկայության պայմաններում։ Մենք լուրջ մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվն էական աճելու է, եթե բարելավումներ չլինեն եւ մեր առաջարկությունները հաշվի չառնվեն»,-ասաց Բեգլարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: