
Երևանի այգիներից մեկում հանդիպեցի Արցախից բռնի տեղահանված՝ 60-ին մոտ ամուսինների։ Քայլում էին կողք կողքի, մեղմ զրուցում։ Հայացքներով հանդիպեցինք ու միանգամից հասկացանք՝ արցախցի ենք։ Մի քանի րոպե անց արդեն խոսում էինք արցախցիներիս համար ամենացավոտ հարցերից մեկի՝ բնակարանի մասին։
Աշոտն ու Սուսաննան Ստեփանակերտից են։ 1989 թվականին երկուսն էլ Բաքվից են տեղահանվել, տարիներ անց Ստեփանակերտում ընտանիք կազմել։ Երեխա չեն ունեցել։ Երկար են պայքարել, հույս փայփայել, բայց մի օր ստիպված են եղել հաշտվել իրենց բաժին հասած ցավի հետ։ Ու շարունակել ապրել՝ իրար թիկունք լինելով։
Ստեփանակերտում աշխատանք ունեին, իրենց փոքրիկ տունը։ Գուցե մեծ հարստություն չէր, բայց իրենցն էր։ Մի տեղ, ուր կարող էին վերադառնալ աշխատանքից հետո, փակել դուռն ու զգալ, որ աշխարհում գոնե մի անկյուն կա, որտեղ իրենք են որոշում՝ ինչպես ապրել։
Հետո եկավ հերթական տեղահանությունը։ Այս անգամ՝ Արցախից։
Հիմա ապրում են Երևանի ծայրամասում, աշխատում նույն առևտրի կենտրոնում․ Աշոտը պահակ է, Սուսաննան՝ մաքրուհի։ Աշխատում են, հոգում իրենց կարիքները, փորձում ինքնուրույն հաղթահարել դժվարությունները։ Սուսաննան ասում է՝ գոյատևում են, բայց չեն դժգոհում։ Կարևորը՝ առողջ լինեն։ Թեև ֆինանսական դժվարությունները շատ են, հաճախ ստիպված են լինում հրաժարվել նույնիսկ ամենասովորական ցանկություններից։
Նրանց փոքրիկ ուրախությունը Երևանի այգիներն են։ Այստեղ գալիս են զբոսնելու, հանդիպում համերկրացիներին, զրուցում, կիսվում հոգսերով։ Երբեմն թվում է՝ ուրիշի ցավը լսելն ու սեփականը պատմելն անգամ մի փոքր թեթևացնում է հոգին։
Բայց այգուց հեռանալուց հետո կյանքը նույնն է մնում։ Նույն անորոշությունը, նույն հարցը՝ ինչպե՞ս սեփական տանիք ունենալ։
Աշոտը չի հավատում, որ բռնի տեղահանվածներին տրամադրվող բնակապահովման հավաստագրով կկարողանան տուն ձեռք բերել։ Նրանց համար դա իրատեսական չէ։ Բանկային վարկը նույնպես հասանելի լուծում չէ։ Նրա կարծիքով՝ պետությունը պետք է մտածի նաև սոցիալական բնակարանների մասին, որպեսզի մարդիկ կարողանան ապրել արժանապատիվ պայմաններում՝ առանց անհասանելի պարտավորությունների տակ մտնելու։
Աշոտի ու Սուսաննայի պատմությունը միայն իրենցը չէ։ Նրանց նման շատ ընտանիքներ աշխատում են, փորձում սեփական ուժերով ոտքի կանգնել, բայց տուն ունենալու հնարավորությունը շարունակում է անհասանելի մնալ։ Իսկ տարիքի հետ բնակարանի հարցը միայն կենցաղային խնդիր չէ․ այն դառնում է նաև ապահով ծերանալու, հիվանդության ժամանակ խնամք ունենալու և վաղվա օրվա հանդեպ վստահություն զգալու հարց։
Սակայն այս ամուսիններին մի ուրիշ վախ էլ է հետապնդում։ Սուսաննան մի պահ լռում է, ապա դողացող ձայնով ասում.
«Սարսափում եմ մտածել, թե ինչ կլինի, եթե մեզանից մեկը մահանա։ Այնքան շատ են արցախցիների հանկարծամահության դեպքերը։ Առաջին միտքը, որ գալիս է գլուխս, այն է՝ որտե՞ղ ենք գտնելու մեր վերջին հանգրվանը։ Ամեն ինչ մեծ գումարների հետ է կապված։ Մեզ տիրություն անող չի լինելու»։
Այս խոսքերի մեջ միայն մահվան վախը չէ։ Դրանց մեջ տարիների կուտակված անապահովությունն է, օտարության մեջ մենակ և անկտուր մնալու տագնապը, այն գիտակցումը, որ կյանքի ամենածանր պահին գուցե կողքին մարդ չլինի, իսկ նույնիսկ վերջին հանգրվանն ապահովելու համար միջոցներ չգտնվեն։
Նաև այն, որ Հայաստանում չկա ոչ միայն սոցիալական բնակարանների ինստիտուտ, այլև բավական քանակի տեղ ծերանոցներում։ Նախարարությունում արցախցիներին ասում են, որ ծերանոցում 2 տարվա հերթեր են։
Ամուսինը փորձում է կատակի տալ կնոջ խոսքերը։
«Մենք դեռ երկար ենք ապրելու, մի՛ մտածիր»,-ասում է նա։
Բայց նրա ձայնն էլ է հուզված։ Գուցե ինքն էլ է մտածել նույնի մասին, պարզապես չի ուզում բարձրաձայնել այն, ինչից երկուսն էլ վախենում են։
Նրանք դեռ աշխատում են, քայլում Երևանի այգիներում, հանդիպում իրենց համերկրացիներին ու փորձում ապրել։ Չեն պահանջում շքեղություն, չեն երազում մեծ տան մասին։ Ուզում են ընդամենը մի փոքրիկ անկյուն, որտեղ իրենց ապահով կզգան, որտեղ ծերությունը չի ուղեկցվի անորոշությամբ, իսկ վաղվա օրը մտածելիս սիրտը չի սեղմվի։
Աշոտի ու Սուսաննայի պատմությունը մի հարց է, որին պատասխան են սպասում հազարավոր տեղահանվածներ․ ինչպե՞ս ապրել ու ծերանալ մի երկրում, որը դարձել է քո տունը, երբ անգամ սոցիալական տանիք ունենալն է անհասանելի, իսկ վաղվա օրվա մասին մտածելն՝ այդքան վախեցնող։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ