Նոր անձնագիր ստանալու 90-օրյա ժամկետը սկսում է փաստաթղթերի օրիգինալների ընդունման օրից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արցախցիները բարձրացրեցին հարցը, որ ՀՀ քաղաքացիության ստացման համար ամիսներով սպասում են։ Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանն ասաց, որ շատ դեպքերում մարդիկ 8-10 ամիս սպասում են քաղաքացիության ստացմանը։

Ներքի գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ասաց, որ քաղաքացիության ձեռքբերման համար օրեսդրությամբ կան սահմանված ժամկետներ․ այն է՝ վարույթի մեկնարկից 90 աշխատանքային օր։ Նա ասաց՝ հնարավոր է՝ լինեն եզակի դեպքեր, երբ ժամկետները գերազանցվել են։

Արմեն Ղազարյանը որպես պատճառ նշեց կորցրած ծննդյան վկայականների հարցը՝ նշելով, որ դրանց վերականգնումը ժամանակ է պահանջում։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասաց, որ  կան ընդամենը տասնյակ դեպքեր, երբ ուշացումներ են եղել, այնինչ, ավելի քան 50 հազար մարդ է դիմել քաղաքացիության համար։

«Ինչո՞ւ է տպավորությունը շատերի մոտ այնպիսին, որ գործերը ձգձգվում են ամինսեր շարունակ։ Մենք այս ողջ գործընթացը հունվարի 1-ից տեղափոխել ենք էլեկտրոնային հարթություն, այլեւս էլեկտրոնային միջավայրում է տեղի ունենում այն շփումների փուլը, որը նախկինում բազմաթիվ անգամներ ենթադրում էր գնալ-գալ, մինչեւ ի վերջո դիմում էր ներկայացվում։ Հիմա, երբ շահառուն առաջին անգամ իր գործը ներբեռնում է համակարգ, իր մոտ տպավորություն է, որ գործը սկսեցինք վարել, բայց իրականում մենք գործը սկսում ենք վարել, օրենքով նախատեսված 90 աշխատանքային օրվա ժամկետը մեկնարկում է այն պահին, երբ շահառուն ներկայանում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, ներկայացնում է բնօրինակ փաստաթղթերը, եւ մենք արձանագրում ենք, որ ամեն ինչ կարգին է։ Դրանից առաջ բոլոր գործողությունները նախավարույթի փուլ են, քանի դեռ մենք չունենք ամբողջական փաթեթը, գործը չենք կարող վարել»,- ասաց նա։

Նելլի Դավթյանի խոսքով՝ գործը վարելու մեկնարկից հետո օրենքով սահմանված ժամկետի խախտում որպես կանոն չեն ունենում։ Կամ հատ ու կենտ դեպքեր են եղել։