Հայաստանի վերանախավը հետեւողական քաղաքականություն է վարում՝ հայերի արժանապատվությունը տրորելու, մարդկանց վրա թքելու ուղղությամբ

  • 14:34 07.03.2024

Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյան, իշխանությունը հիմա էլ շրջանառության մեջ է դրել թեզը, որ կարող են հրաժարվել Բաքվի դեմ ներկայացված հայցերից։ Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Հայաստանի վերանախավը հետեւողական քաղաքականություն է վարում՝ հայ ժողովրդին նսեմացնելու, հայերի արժանապատվությունը տրորելու, մարդկանց վրա թքելու ուղղությամբ։ Այդ թեզը շրջանառության մեջ դնող գործիչը հայտնի է հենց քաղաքացիների վրա բառիս բուն իմաստով թքելու արարքով։ Եթե երկու շաբաթ անցնի, եւ իրենք հայերին ցավ պատճառող, նսեմացնող ինչ-որ հակահայկական հայտարարություն չանեն, երեւի կհամարեն, որ իզուր են ապրել այդ երկու շաբաթը։ Մենք անընդհատ այդպիսի հայտարարություններ ենք լսում։ Երեւի մի օր էլ կլսենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանվանել «Արեւմտյան Ադրբեջան», պետական կրոն ընդունել իսլամը, եւ բոլորի ազգանունները դարձնել ադրբեջանական, գրագրությունն էլ իրականացնել ադրբեջանական տարբերակով։ Այդ դեպքում բացարձակ անվտանգության կհասնենք։

-Բաքվի պատերազմական հանցագոծությունների հարցը միջազգային դատական ատյաններում բարձրացնելով՝ ի՞նչ արդյունքի է հնարավոր հասնել, եթե հետեւողական աշխատանք տարվի։

-Տեղի է ունեցել հանցագործություն՝ էթնիկ զտում։ Միջազգային փաստաթղթերում Ադրբեջանի իշխանությունների գործողություններն արդեն ստացել են այդ ճանաչումը։ Ես նկատի ունեմ Եվրամիության վերջին բանաձեւը, եւ այլն։ Այսինքն՝ ինչի՞մասին է խոսքը, դա պարտականություն է, պարտավորություն է։ Եթե տեղի է ունեցել հանցագործություն, օրենքի կողմը պահող սուբյեկտները պարտավոր են իրավունքի պաշտպանության գործառույթները կատարել, դա ցանկության հարց չէ։ Մարդիկ են մահացել, ցանկացած մարդ մահանում է, քրեական գործ է հարուցվում։ Դա հանցագործություն է, եթե իրավապահ համակարգն այդպես չի գործում, ուրեմն առհասարակ չի գործում ու չի կարող կարող համարվել իրավապահ համակարգ։ Նույնը միջազգային հարաբերություններում է։ Այն ատյանները, որոնք փաստը հաստատող, գնահատական տվող, անաչառ գործառույթ իրականացնելու մանդատ ունեն՝ ճանաչված միջազգային հանրության բոլոր անդամների կողմից, այդ գործառույթը պետք է իրականացնեն՝ փաստերով հիմնավորված թեզերի հիման վրա։ Այն է՝ 1988 թվականից ի վեր Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության վերաբերյալ, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի եւ հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ փաստերը։ Այդ աշխատանքն անհրաժեշտ ու պարտադիր բնույթ է կրում, ոչ թե ցանկության կամ քաղաքական նպատակահարմարության հարց է։

-Ի՞նչ նպատակ եք տեսնում Հայաստան իշխանությունների այսօրինակ գործողությունների հիմքում։

-Նպատակն է նսեմացնել հայ ժողովրդին, անընդհատ դեմորալիզացնել հանրությանը, թքել մարդկանց վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջատար գործիչների համար մարդկանց վրա թքելը դարձել է քաղաքականություն, կրեդո։ Իրենք ապրում են հայերի նկատմամբ ատելությամբ։ Եվ միգուցե հրապարակային ելույթներում վարչապետը մարդկանց դիմում է՝ «հպարտ քաղաքացիներ» եւ այլ դիմելաձեւով, բայց այս հանդուժողոկանությունը, որն անձամբ ցուցաբերում է ինքը իր մտերիմ գործիչների հայտարարությունների նկատմամբ, եւ այն արտահայտությունները, որոնք ինքն է անում, երբ խոսում է ազգային ընդհանուր նպատակներից հրաժարվելու մասին, այդ մթնոլորտը, քաղաքականությունը եւ գործողությունները ես որակում եմ ատելություն հայ ժողովրդի, հայկական ինքնության նկատմամբ։ 2018 թվականին մարդիկ իրենց ներկայացրեցին որպես հայ ժողովրդի շահերն առաջ տանողներ, արդարության համար պայքարողներ, բայց մենք տեսնում ենք, որ ոչ այդ արդարությունը հասանելի դարձավ մեր երկրի ներսում, ոչ էլ միջազգայի հարաբերություններում Հայաստանն ինչ-որ առաջընթաց ունի։

Թե ինչու հայերին պիտի դնեն այս վիճակի մեջ, որ մեղքերի համար, ես չեմ հասկանում։ Նույնիսկ եթե թուրքերը հիմա ղեկավարեին Հայաստանի Հանրապետությունը, իրենք ավելի զգուշավոր կլինեին հայ ժողովրդի նկատմամբ անհարգալից իրենց դրսեւորումներում։ Սրանք իրենց հայ են համարում եւ երեւի գտնում են, որ իրենց ցանկացած լպրիշ դրսեւորում այս հանրությունը հանդուրժելու է։