Ինչ ունի Իսրայելը եւ արդեն չունի Հայաստանը

  • 13:01 10.03.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի կառավարությանը համեմատել է նացիստների հետ, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։ Թուրք առաջնորդը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարությունը Գազայում մարդկության դեմ հանցագործությունների արդյունքում իրենց անունները նույնականացրել են Հիտլերի, Մուսոլինիի և Ստալինի հետ։

X-ի իր էջում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրել է․«Իսրայելը հավատարիմ է պատերազմի օրենքներին և բարոյական քարոզ չի ընդունի Էրդողանից, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, ժխտում Հայոց ցեղասպանությունը և իր երկրում կոտորում քրդերին»։

Իսրայելի վարչապետը անցած տարվա հոկտեմբերի 7-ից խոսում է իր երկրի «ինքնապաշտպանության իրավունքի» եւ պատերազմական օրենքներին հավատարիմ լինելու մասին։ Իսրայելի «սպանելու իրավունքը» ամենօրյա ռեժիմով հաստատում են ԱՄՆ-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցազրույց է տվել MSNBC-ին, որում հաստատել է, որ Իսրայելի Ռաֆահ ներխուժման սպառնալիքը «կարմիր գիծ» է՝ միաժամանակ ընդգծելով, որ երբեք չի լքի Իսրայելին։ «Իսրայելի պաշտպանությունը շարունակում է վճռորոշ նշանակություն ունենալ»:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը «չի կարող թույլ տալ, որ ևս 30 հազ․ պաղեստինցի զոհվի ՀԱՄԱՍ-ի հետապնդման հետևանքով»:

Չխոսելով «պատերազմի օրենքների» կատարյալ երեսպաշտութկան մասին եւ չհիշատակելով, թե ով եւ ինչ նպատակներով են գրվել այդ օրենքները, նշենք միայն, որ նման «օրենքների» հեղինակները ենթադրում են զոհերի եւ ավերածությունների «թույլատրելի» քանակ։ Այսինքն՝ սպանել կարելի է։ Ինչից եւ օգտվում են բոլորը՝ Պուտինից, Ալիեւից մինչեւ Նետանյահու։

“Փափուկ” լիբերալ տասնամյակները վերջացել են, եւ “ուժի չկիրառմանը” փոխարինելու է եկել “ինքնապաշտպանվելու իրավունքը”։ Ով չի դիմադրում եւ պաշտպանվում, ենթակա է մեռնելու։

Բոլորին չի տրվում «ինքնապաշտպանության իրավունք», որով օժտված է Իսրայելը, Ուկրաինան։ 1991-ին այդ իրավունքն ուներ եւ Հայաստանը, բայց 30 տարվա ընթացքում Հայաստանը «ապացուցել» է, որ արժանի չէ այդ իրավունքի եւ չի ցանկանում դիմադրել։

Հայերի ցեղասպանության մասին Նետանյահուն հիշեցնում է ոչ թե Էրդողանին, այլ հայերին՝ ցույց տալու համար, որ ինքնապաշտպանության իրավունքից հրաժարումւ բերում է ցեղասպանության։

Իսրայելը ոչ միայն ճանաչել է Բաքվի «պատերազմի իրավունքը», այլեւ մինչեւ ատամներ զինում է Ալիեւին՝ հայերի նոր ցեղասպանություն իրականացնելու համար։ Ով չիպաշտպանվում՝ հեռանում է պատմության ասպարեզից։

Նաիրա Հայրումյան