«Եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվեն միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, դա կնշանակի, որ հայկական կողմի հայցերը տեղին չէին։ Թող Ադրբեջանն էլ ներկայացնի հայցեր, դու էլ ներկայացրու, բարի կա՞մք է դրսւորում, մոռացե՞լ եք, որ հայ քաղբանտարկյալներ կան Բաքվում, որ նրանք ներխուժել են տարածքներ, որտեղ իրենք չպետք է լինեին, փակել են մեր երկրի ճանապարհները, մշտապես թշնամական քարոզչությամբ են զբաղվում»,- այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, որ Հայաստանը կարող է հրաժարվել Բաքվի դեմ ներկայացված հայցերից։
Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։
«Սա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները ոչ արդարամիտ քայլեր են կատարել եւ Բաքվի ոչ արդարամիտ քայլերը հավասարազոր են համարում իրենց ոչ արդարամիտ քայլերին։ Մի քանի օրից աղջիկս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացնելու է զեկույց, դա ամերիկյան ակադեմիկան շրջանակների անաչառ գնահատականն է։ Դիտորդական մեծ խումբ է գործել երկու ժամանակահատվածում, մեկը այն ժամանակ, երբ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը գործում էր, մյուսը՝ շրջափակման ժամանակ։ Այդ զեկույցում մեկ դրվագի վրա ուշադրություն դարձրեցի, այն է՝ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է արդարացնել Արցախում իրականացված ցեղասպանությունը։ Երկրորդ, դա նշանակում է հրաժարվել ինքնորոշման սկզբունքից ընդհանրապես»,- ասաց Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ «շատ սխալ միջավայրում ենք հայտնվել՝ սրանց ոչ միան ողորմելիության, այլ նաեւ իդիոտության պատճառով։ Եվ համաշխարհային հանրությանն էլ դրդեցինք, որ նրանք մեզ վերաբերեն որպես խելապակասների եւ միջազգային չափորոշիչները մեր հանդեպ չկիրառեն»։