Եթե Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, ինչի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի թիրախում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Անկասկած, դա ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկն է։ Եթե նայենք ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք, եղել են նոր ձեւավորված սահմանից։ Ինչքան էլ սրանք խոսեն, ասեն՝ սահմանը շատ լավ կահավորում ենք, հին կահավորված սահմաններից որեւէ մխրճում չի եղել։ Հիմա, եթե Հայաստանը հանձնվի, Ադրբեջանին առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արեւելքը խոցելի է լինելու։ Եվ Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու, ցանկացած բան կարող են պահանջել, եթե Հայաստանի իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը։ Սկզբում այս 4-ը կուզեն, հետո ուրիշ ինչ-որ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ ՀՀ ու Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, ո՞վ ասաց, որ կոնկրետ այս բարձունքը պատկանում է Հայաստանին։ Նույն պատճառաբանությունը կբերեն, ինչը բերեցին Ջերմուկի հատվածում՝ Հայաստանից մոտ 150 քառակուսի կմ տարածք օկուպացնելու ժամանակ։ Ալիեւն ասաց՝ եթե սա ձեր տարածքն է, կահավորանք կլիներ, եւ եթե սահմանը սահմանազատված չէ, ո՞վ ասաց, որ սա ձեր տարածքն է»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հավելեց․ «Փաշինյանը երեւի միակ հայն է, որը բոլշեւիկների գծած սահմանը պատրաստ է մարմնով պաշտպանել»։ Ըստ նրա՝ Փաշինյանը շանտաժի լեզվով է խոսում հայ ժողովրդի հետ, ասում է՝ եթե հանկարծ մեր իրավունքների համար պայքարենք, կարող է Երեւանն էլ կորցնենք։ Փոխանակ քաղաքական խնդիր լուծի, ապահովի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, զբաղված է ժողովրդին շանտաժի ենթարկելով։