Հայաստանը պետք է դիմի Հաագայի դատարան՝ Իլհամ Ալիեւին ռազմական հանցագործ ճանաչելու եւ ձերբակալության օրդեր ստանալու հայցով։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները վերջին շրջանում հայտարարել են, որ եթե Ադրբեջանը հետ վերցնի Հայաստանի դեմ Միջազգային դատարան ներկայացրած հայցերը, հայկական կողմն էլ հետ կվերցնի Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը։
Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն ասում է, հայկական կողմի փաստական հիմքերն ավելի ուժեղ են, եւ բացի Միջազգային դատարան արդեն ներկայացրած հայցադիմումներից, հայկական կողմը կարող է դիմել նաեւ Միջազգային քրեական՝ Հաագայի դատարան՝ Ալիեւին միջազգային հանցագործ ճանաչելու եւ ձերբակալելու համար։ «Ալիեւը պետք է ճանաչվի միջազգային հանցագործ, ինչպես միջազգային հանցագործ է ճանաչվել Վլադիմիր Պուտինը, որի ձերբակալության համար օրդեր է դուրս գրվել, եւ Հայաստանն էլ, լինելով Հռոմի ստատուտի անդամ, Պուտինի՝ Հայաստան ժամանելու դեպքում պետք է նրան ձերբակալի։ Այսինքն՝ եթե մենք գնանք այս ճանապարհով, նույն ակտը կարող ենք ստանալ նաեւ Իլհամ Ալիեւի նկատմամբ։ Եվ դա լուրջ քաղաքական լծակ կլինի արդեն դիվանագիտական դաշտում Հայաստանի համար ավելի շահավետ պայմաններ ստանալու տեսանկյունից»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, եթե հայցերը հետ վերցնելու մասին խոսելով՝ ՀՀ իշխանությունները նկատի ունեն քաղաքացիական հայցերը՝ նյութական վնասի եւ այլնի մասին, ապա այդտեղ վտանգ չկա Հայաստանի համար։ Բայց քրեաիրավական տեսանկյունից արցախահայության էթնիկ զտման եւ ցեղասպանության համար պետք է պատասխանատվության ենթարկել հանցագործերին կամ առնվազն նման փորձ կատարել։
«Օրինակ՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ կոնֆլիկտի համատեքստում Գազայի հատվածի բնակչության համար Հարավաֆրիկյան Հանրապետությունը դիմել է Միջազգային քրեական դատարան, որպեսզի Իսրայելի գործողությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն, եւ Իսրայելը ղեկավարող վարչակազմը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ինչո՞ւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կարող է Իսրայելի համար դիմել, իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախում իրականացված հայերի էթնիկ զտման եւ ցեղասպանության համար չի կարող դիմել։
Միջազգային քրեական դատարանին միանալը մեզ մինչ օրս բացի վնասից ոչ մի օգուտ չի տվել։ Մենք միացել ենք Հռոմի ստատուտին, որպեսզի ռազմական հանցագործներին պատժենք, բայց առ այսօր նման գործողություն նախաձեռնված չէ։ Մենք պետք է օգտվենք անդամ լինելու հանգամանքից, այսինքն՝ լինելով Հռոմի ստատուտի անդամ, պետք է դիմենք Միջազգային քրեական դատարան եւ փորձենք Իլհամ Ալիեւին ձերբակալելու համար օրդեր դուրս գրել։ Եթե դա հաջողվեց, դա շատ մեծ հաղթանակ է լինելու, եւ Ալիեւը չի կարողանալու Հռոմի ստատուտի անդամ 122 պետություններ այցելել, դա աշխարհի մեծ մասն է։ Այսինքն՝ արտաքսված իզգոյի կարգավիճակ է ունենալու»,- հավելեց փաստաբանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: