ԵՄ-ը Հայաստանին ու Վրաստանին կինտեգրի՝ իշխանությունների կամքին հակառակ

  • 12:57 18.03.2024

Մարտի 18-ին Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, այլ հարցերի թվում, կներառվեն Հայաստանին աջակցությունը Եվրամիության կողմից եւ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։

Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում նշված է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

Հայաստանի իշխանություններն ի պատասխան ասում են, որ թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու համար իրենք դեռ պետք է հանրային քննարկումներ անցկացնեն եւ պարզեն, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները ուզում են դա։

ՀՀ իշխանությունների նման կրավորական պահվածքն արդեն կասկածներ ու քմծիծաղ է առաջացրել․ տեղյակ փորձագետներն ասում են, որ Եվրամիությունը, տեսնելով, որ իշխանությունները ժողովրդի կամքի դեմ են գնում, որոշել է Վրաստանին եւ Հայաստանին “ինտեգրել”՝ առանց իշխանությունների կարծիքը հարցնելու։ Վրաստանի իշխանությունները ի պատասխան այդ փորձերի սկսել են բացահայտ խոստովանել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իրենց համար ավելի կարեւոր են։

Հայաստանի իշխանությունները դեռ “հակառուս եւ արեւմտամետ” են ձեանում, սակայն արդեն բացահայտ ասվում է, որ Հայաստանը երբեք այդքան կախված չէր Ռուսաստանից եւ Թուրքիայից, ինչքան այս իշխանությունների օրոք։

Եվրոպայի քաղաքականությունը բավականին կոշտանում է, եւ հեռու չէ այն օրը, երբ եվրոպական առաջնորդները պատռեն ներկայիս ՀՀ իշխանության դիմակը։ Շոլցը դա արդեն արել է, Փաշինյանի հետ ասուլիսում խոսելով արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին եւ ապացուցելով, որ այդ իրավունքը խեղդողը Փաշինյանն է։ Նույնն արել է Մակրոնը՝ կոչ անելով հայերի բոլոր պրոբլեմները փնտրել Փաշինյանի մոտ։ Նույնիսկ եվրոպական դիտորդների մուտքը Հայաստան կատարվել է ՀՀ իշխանությունների կամքին գրեթե հակառակ։

Եվրոպական առաջնորդները Փաշինյանի կառավարության հետ ակնհայտորեն հույս չեն կապում, դրան փաստի առաջ դնելով։