Արթուր Օսիպյան․ Իրոք համաժողովրդական շարժում է սկսվել

  • 17:33 14.07.2023

«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» համակիր, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դրական է գնահատել Վերածննդի հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքը և երթը դեպի ԿԽՄԿ գրասենյակ և դեպի Ստեփանակերտի օդանավակայան, ռուս խաղաղապահների բազա։

«Հանրահավաքն ու երթը իշխանությունը կազմակերպել է գրագետ, գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ, պահանջները դրված են ճիշտ և հասցեական։ Մենք հիմա մեկ խնդիր ունենք՝ ապաշրջափակել միջանցքը։ Եվ նույնիսկ ադրբեջանական կողմը, հերթական անգամ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ խախտելով հրադադարի ռեժիմը, այսօր չկարողացավ վախեցնել արցախցիներին. ժողովուրդը շարունակեց երթը, քանի որ պահանջներն արդար էին»,- ասաց Օսիպյանը։

Նա հավելեց, որ Միջանցքի ապաշրջափակման շարժման շտաբը հետևում է գործընթացին և ճիշտ ժամանակին կօգնի բոլոր անհրաժեշտ գործունեություններով։

«Արցախում իսկապես համաժողովրդական շարժում է սկսվել, բայց կապի խնդիր կա՝ այն արգելափակված է կա՛մ ադրբեջանցիների, կա՛մ խաղաղապահների կողմից, որպեսզի հանրահավաքների մասին տեղեկատվությունը չտարածվի աշխարհով մեկ։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ հուլիսի 12-ին մենք դիմեցինք կառավարությանը, և նրանք վստահեցրին, որ աջակցում են մեր շարժմանը։ Այսօրվա հանրահավաքով դա ցույց տվեց իշխանությունը, ու ամեն ինչ լուրջ ստացվեց՝ արցախցիներն իսկապես արթնացան, ոտքի կանգնեցին ու հետևեցին կոչին։ Մեր խնդիրն է բացել միջանցքը։ Միջանցքի ապաշրջափակման շարժման շտաբը աջակցում և մասնակցում է ակցիաներին, որտեղ կոնկրետ պահանջներ են ներկայացվում։ Կա ևս մեկ կարևոր խնդիր՝ թույլ չտալ ներքին չարագործներին իրենց հայտարարություններով կամ ինտրիգներով կասկածներ և հիասթափություններ սերմանել մարդկանց մեջ»,- ասաց Օսիպյանը։