Տավուշի ռուս-թուրքական կենտրոնը կապահովի հայկական բանակի կողմից հրամանների կատարումը

  • 14:43 22.03.2024

Տավուշի 4 գյուղերը հանձնելու Փաշինյանի կառավարության մտադրության մասին հանրային քննարկումը հմտորեն ուղղվեց դեպի երկու հիմնական «ուղիներ». «շուտով նույն գործողությունը կլինի Գեղարքունիքում և Սյունիքում, այլապես պատերազմ կլինի» և «բանակը չպետք է անօրինական հրամաններ կատարի»։

Այս երկու խոսույթները հասարակության ուշադրությունը շեղում են մի շարք կարևոր աշխարհաքաղաքական հանգամանքներից. Փաշինյանը հայտարարեց պատերազմին Թուրքիայի հավանական միջամտության մասին, ռուսական զորքերը տեղակայված են այն վայրերում, որոնք պետք է հանձնվեն, Չինաստանի դեսպանը Փաշինյանի հետ միաժամանակ այցելել է Տավուշ, Իրանը չի բարձրաձայնել Հայաստանի «աշխարհաքաղաքական սահմանները փոխելու» անթույլատրելիության մասին, Մոսկվան չի ասել՝ կպահպանի՞ իր ներկայությունը՝ այդ տարածքները Բաքվին զիջելուց հետո (օրինակ՝ Արցախում պահպանել է)։

Դատելով իրավիճակից՝ Տավուշում նոր «սահմանի վրա» կստեղծվի Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի մասնաճյուղ, որը կետեւի, որ հայկական բանակը կատարի բոլոր հրամանները։

Թերևս ընդդիմությունը տեղյակ է ռուսական այս ծրագրերի մասին, ուստի հանրային դիսկուրսը շրջում է դեպի «բանակի կողմից Փաշինյանի հրամանները չկատարելը»։ Որքան էլ այս թեզը գայթակղիչ հնչի «Օհանյան գծի» հեղինակի բերանից, այն ի սկզբանե դատապարտված է ձախողման, եթե խորհրդարանում ընդդիմությունը պատասխանատվության չի ենթարկում իշխանություններին այն բանի համար, որ օտարերկրյա զորքերը (թե՞ ռուսական զորքերը օտարերկրյա չեն) հայտնվել են Սյունիքում և Տավուշում առանց օրինական հիմքերի։ Ընդդիմությունը չի բողոքարկում նաեւ Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի գոյությունը, որը մինչ օրս գործում է։

Ինչ վերաբերում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին, նրանք՝ Փաշինյանի գլխավորությամբ, ակտիվ հանդիպումներ են անցկացնում Արևմուտքում՝ դարձյալ չնշելով Տավուշում ռուսական զորքերի առկայության մասին և Արևմուտքին կոչ չեն անում  կանխել պատերազմը, որի պատճառով, ըստ Փաշինյանի, իբր զիջումների են գնում։ Իշխանությունները եւս չեն խոսում Ակնայում ռուս-թուրքական կենտրոնի մասին՝ այն համարելով «Ադրբեջանի ներքին գործը»։

Արդեն խոսվում է Գեղարքունիքի գյուղերի հանձնման մասին, ինչը Ալիևին հնարավորություն կտա մուտք գործել Սևանի չայխանա։ Բայց Տիգրանաշենի մասին ոչ ոք չի հիշատակում, թեեւ բոլորը հասկանում են, որ սա լինելու է հայկական պետության դագաղի վերջին մեխը։

f