Արցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել. Ավանեսով

2020 թվականից մինչ օրս, եթե հաշվարկենք վանդալիզմի բոլոր տեսակներն Արցախում, շեմը 1000-ից հատել է, ունենք մոտ 7-ից ավելի հիմնովին ոչնչացված եկեղեցիներ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, «Արցախը 3 տարի անց․ փաստեր, պատասխանատվություն, ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով, մոտ 10 գյուղեր ամբողջությամբ ոչնչացված են, մոտ այդքան էլ մասնակի է ոչնչացված, լիովին ոչնչացված է նաև Ստեփանակերտի մոնումենտալ ժառանագությունը, այդ թվում բնակելի թաղամասեր։

«Վերջին ժամանակահատվածում այս խնդիրներին ավելացավ նաև Ադրբեջանի դիմումը Ինտերպոլին։ Այստեղ մեր կարևոր շեշտադրումը պետք է լինի այն, որ նախ Ինտերպոլը նման գործիքակազմ չունի և իրավունք էլ չունի մշակութային ժառանգությանը, հատկապես կրոնական հարցերով խառնելու։ Բացի այդ, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ հանցանքի տարր չի պարունակում հակամարտության գոտիներից մշակութային ժառանգության տարհանումը կազմակերպելը։ Մեր խնդիրն է ցույց տալ բոլոր փաստերը միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի իրական դիմագիծը սա է, որ ոչնչացվում է ամբողջ ժառանգությունը, որ այնտեղ գտնվող ցանկացած մշակութային արժեք գտնվում է ամբողջովին ոչնչացման վտանգի տակ։

մեր հարթակի միջոցով առաջիկայում Ինտերպոլին պաշտոնական գրություն ենք ուղարկելու պարզաբանելու, թե ինչ հիմքով է Ինտերպոլը նման գործընթացի փորձում գնալ՝ խախտելով իր կանոնադրությունը, խախտելով միջազգային իրավունքը։ Ովքեր կամ ինչ հիմքով են իրականացրել համապատասխան փորձաքննություն, որը հիմք է դարձել բազայում գրանցում կատարելու համար, կամ արդյոք բազայում գրանցվել է, թե ոչ, որովհետև չի բացառվում, որ կարող է Ադրբեջանը փորձում է կեղծ արշավ իրականացնել, այդ թվում նաև օգտագործելով Ինտերպոլի հեղինակությունը»,–ասաց նա։

Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ Ավանեսովի, այդտեղ մշակության ժառանգությունը պահպանելն է. «Բռնի տեղահանությունից հետո Արցախի մշակության ժառանգությունը գտնվում է լրջագույն վտանգի առջև։ Մենք ունենք բարբառներ, ազգային ավանդույթներ, որոնք գտնվում են կորստյան վտանգի տակ։ Այստեղ մենք պետք է առաջ տանենք արցախցիների կոմպակտ բնակեցման խնդիրը։ Դա հնարավորություն է տալիս մշակութային ժառանգությունը պահպանելու։ Կարծում եմ այս հանդիպումից հետո արժե բոլոր մասնակիցների անունից հայտարարության կամ ինչ-որ տեքստ հրապարակվի՝ ուղղված արտաքին դերակատարներին և իհարկե ՀՀ իշխանություններին՝ բոլոր այս խնդիրները մատնանշելով և նաև որոշակի պահանջներ դնելով։

Միայն մեր մշակութային ժառանգությանը տեր կանգնելով, պահանջատեր լինելով, մենք կարող ենք զսպել Ադրբեջանի ախորժակը։

Ես կցանկանայի, որպեսզի Հայաստանի պետական այրերն զերծ մնան այնպիսի հայտարարություններ անելուց, որոնք կանաչ լույս կվառեն Ադրբեջանի համար։ Մենք, երբ ուսումնասիրել ենք վանդալիզմի բոլոր դեպքերի դինամիկան, ամենամասշտաբային դեպքերն արձանագրվել են նման հայտարարություններից, միջազգային պատվիրակությունների՝ Արցախ ապօրինի այցերից հետո»,- ասաց Հ. Ավանեսովը։

Նա նաև նկատեց, որ չպետք է սպասել, թե Ադրբեջանը հաջորդիվ այլ ինչ գործընթաց կիրականացնի մեր մշակության ժառանգության հետ կապված. «Մենք պետք է նախահարձակ գործողություններ իրականացնենք և բոլոր հնարավոր միջոցներով մեր մշակութային ժառանգությունը և դրա իրական պատմությունը միջազգային հանրությանը ներկայացնեք։ Ցավոք սրտի այսօր խավիարը, նավթը, կոմունիկացիաները գերադասվում են մարդու հիմնարար արժեքներին՝ կլինի կյանքի հետ կապված, կլինի հայրենիքում ապրելու հետ կապված, կլինի հավաքական վերադարձի հետ կապված թե մշակութային ժառանգության հետ կապված»։