«Մտադրությունների մաքրությունն» ապացուցելու համար Արմեն Գրիգորյանից սկսեցին “ազատվել”

  • 10:27 26.03.2024

«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երկու բևեռ է ձևավորվում՝ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի կողմնակիցները։ Ըստ թերթի՝ «Արմեն Գրիգորյանը միշտ եղել է ընդգծված արևմտամետ, հակառուսական հայտարարություններ անելով, սակայն Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հայտի քննարկման ժամանակ իր դիրքորոշմամբ զարմացրել է կուսակցականներին՝ ընդդիմանալով ցանկացած գնով  դեպի Եվրոպա գնալու Փաշինյանի ցանկությանը»։

Գրիգորյանը, իբր, ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի կախվածության դադարեցման բացասական հետևանքները։ Նա այն մտքի կողմնակիցն է, որ Հայաստանի զարգացումը հնարավոր է տարածաշրջանային ձևաչափով, և Ռուսաստանն այստեղ էական դեր ունի, գրում է թերթը։

Ըստ երևույթին, Արմեն Գրիգորյանին սկսել են «սլիվ անել», հատկապես Արևմուտքի հետ բանակցությունների համատեքստում։ Եվ դա արվում է ամենաստոր ձևով, ըստ էության, ինչպես ամեն ինչ «ժամանակակից Հայաստանում»։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներին Արմեն Գրիգորյանին ներկայացնում էր որպես «Ղարաբաղի ներկայացուցիչ»՝ դրանով իսկ պատասխանելով այն մեղադրանքներին, թե «հեղափոխությունը» ընդգծված հակաղարաբաղյան բնույթ է կրում։ Այն, որ Նիկոլային իշխանության են բերել «Ղարաբաղը հանձնելու» համար, ասվել է ի սկզբանե, և այդ հայտարարությունները, ավաղ, ավելի քան արդարացվել են։ Այն մասին, թե ով է բերել Փաշինյանին, կարելի է կռահել, եթե հետևեք, թե ում զորքերն են տեղակայվել Արցախում նրա ամբողջական օկուպացիայից հետո և ով է համատեղ կենտրոնն ստեղծել Ակնայում։

Ռուսաստանի ներգրավվածությունը «հեղափոխությանը» և ռուս-հայկական ներկայիս «խաղերի» պարզունակ իմիտացիան կասկած է հարուցում ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև հայ հասարակության մեջ, դառնալով ՔՊ “թույլ օղակը”։ Չնայած տոտալ անտարբերությանը, հայ հասարակությունը ինտուիտիվ կերպով մերժում է այն ուժերին, որոնք փորձում են Հայաստանը պահել ռուս-թուրքական ուղու վրա։

«Եվրոպական մտադրությունների մաքրությունն» ապացուցելու համար իշխանությունները կարող են «սլիվ անել» ղարաբաղցի Գրիգորյանին։ Սա լինում է բոլոր հեղափոխությունների ժամանակ։