Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն միտքը, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,-ասել են նախարարությունից՝ մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի դրույթները։
ԱԳՆ նշել է, որ անվտանգության առաջարկները, որոնք հնչել են «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» ֆոռումի ժամանակ, հակասում են ողջախոհությանը։ Ըստ զեկույցի՝ Երևանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որի հիմնական շահառուն Հայաստանն է։ Թե երբ և ինչ պայմաններում հայերը կկարողանան մուտք գործել ԵՄ ընդհանուր շուկա, նրանք լռում են, պարզաբանում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Կործանելով իրենց տնտեսությունները՝ հրաժարվելով ռուսական գազից՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պոտենցիալ խորհրդականները հայերին պարտադրում են նույն փակուղային ճանապարհը՝ ի լրումն դրդելով նրանց փոխանակել իրական միջուկային էներգիան չձևավորված վերականգնվող էներգիայի հետ»,- նշել են ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ն, փաստորեն, հաստատում է Հայաստանում իր զորքերի օկուպացիոն բնույթը. հայտարարելով, որ դա «ինքնիշխանության միակ երաշխիքն է», Մոսկվան ուղղակիորեն հայտարարում է, որ ցանկացած պահի կարող է ռազմական գործողություններ հրահրել Հայաստանի դեմ, ինչը կհանգեցնի ինքնիշխանության կորուստի։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կասկած էր հայտնել, որ ռուսական զորքերը կպաշտպանեն Հայաստանը Թուրքիայի հարձակման դեպքում, և ասել, որ Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման հարց չի քննարկվում։