Երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Ասոշիեյթեդ Փրեսը» հաղորդում է, որ նրանք քննարկել են Թայվանին, արհեստական բանականությանը և անվտանգությանն առնչվող հարցեր։
Անցած նոյեմբերին Կալիֆորնիայում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումից հետո սա երկու առաջնորդների առաջին հեռախոսազրույցն է, որը կոչված է երկու գերտերությունների միջև վերականգնել կանոնավոր շփումները։
Գալիք հինգշաբթի Չինաստան է այցելելու Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, իսկ շաբաթավերջին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Սպիտակ տունն ընդգծում է, որ Բայդենի նպատակներից մեկը եղել է Թայվանի նախագահի երդմնակալության արարողությունից առաջ հնարավոր լարվածության կանխումը։
Ինչպես ընդգծվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, զրույցի ընթացքում Բայդենը փորձել է կանխել լարվածության հնարավոր աճը Թայվանի նախագահի երդմնակալության արարողությունից առաջ, որը պետք է տեղի ունենա մայիսին։ Նախագահը վերահաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը և վերահաստատել Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը։
Բայդենը մտահոգություն է հայտնել ռուսական պաշտպանական արդյունաբերական բազային Չինաստանի աջակցության և եվրոպական և անդրատլանտյան անվտանգության վրա այդ աջակցության հետևանքների վերաբերյալ: