Ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «ՌԴ ԱԳՆ-ն փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը տվել է Ադրբեջանին, ուստի Բաքուն պետք է լուծի այդ հարցը։ Այսինքն՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ կա Հայաստանի դիրքորոշման խեղաթյուրում։
Բացի այդ, հենց այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի իրավունքներ, նշանակում է, որ այս տարածքի կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով ոչ միայն Բաքվի ռեժիմի, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը։ Ինչպես Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը նույնպես ունի ինքնորոշման իրավունք»,- նշել է փորձագետը։
Այս պահը, նրա կարծիքով, շրջանցված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, այդ մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում։
«Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ պարզվում է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այն, ինչ մտածում է ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, էական չէ։ Սա վրդովեցնող դիրքորոշում է։ Ինչո՞ւ, մարդիկ այնտեղ չե՞ն ապրում։ Այնտեղ ապրում է 120 հազար մարդ, և նրանք ուզում են ապրել իրենց ձևով, իրենց ավանդույթների հիման վրա, իրենց գաղափարների հիման վրա։ Նշանակում է, որ նրանց պետք է այնտեղից վտարե՞լ։ ՌԴ ԱԳՆ-ն ընդհանրապես չի անդրադառնում այս հարցին, թեեւ Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Իսկ ինչո՞ւ են այս դեպքում խաղաղապահներ բերվել։
Ռուսաստանը համաձայնել է խաղաղապահներ մտցնել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը վերցնել իր պրոտեկտորատի տակ, և դրա համար մի քանի շրջաններ առանց կռվի վերադարձվեցին Ադրբեջանին։ Իսկ այնտեղ, ի վերջո, պատերազմը կարող էր շարունակվել ամիսներով, և հայտնի չէ, թե ինչով այն կավարտվեր։ Հայերը զիջումների գնացին այն բանի դիմաց, որ Ռուսաստանը պաշտպանության տակ առավ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Իսկ հիմա Ռուսաստանն ասում է՝ ինչո՞ւ երրորդ երկրների վրա բարդել։ Մենք դրա հետ կապ չունենք»,- ասաց քաղաքագետը։ Նա դա «շատ տարօրինակ դիրքորոշում» անվանեց։