РИА Новости. Ռուս խաղաղապահները լիովին կատարել են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը։
«Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության որոշմամբ՝ այսօր սկսվել է ռուսական խաղաղապահ զորքերի վաղաժամկետ դուրսբերումը Ղարաբաղի տարածքից։ Խաղաղապահների առաջին ջոկատն ու զինտեխնիկան արդեն լքել են Ադրբեջանի Քելբաջարի շրջանում գտնվող ալբանական Խուդավանգ տաճարի տարածքը»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։
Ռուս սենատորը, այրելով կամուրջները, այդպես է խոսում հայկական Դադիվանքի մասին։ Սա զարմանալի չէ. մոսկվացի քաղաքագետներն իրենք են խոստովանում, որ Հարավային Կովկասում և նույնիսկ Կենտրոնական Ասիայում ռուսական ներկայության 300-ամյա շրջանը մոտենում է ավարտին։ Եվ պետք է, ավանդույթի համաձայն, գնալուց առաջ ամեն ինչ փչացնել։
«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեր երկրի տարածքից վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է Ալիևի օգնական Հաջիևը։
Սենատոր Բոնդարևը, մինչդեռ, ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ավարտված է անվանել։
Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողությունն անցել է ռուսական խաղաղապահ զորախմբին, որը պետք է ապահովեր այս տարածքում հայ բնակչության անվտանգությունը։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում հստակ նշված էր խաղաղապահների տեղակայման նպատակը՝ «Լեռնային Ղարաբաղում հրադադարը և խաղաղությունը պահպանելը»։ Միևնույն ժամանակ, Դաշնության խորհուրդը որոշում ընդունեց ՌԴ զինված ուժերը Ռուսաստանի տարածքից դուրս օգտագործելու մասին՝ քննարկելով նախագահ Վ.Պուտինի դիմումը Դաշնության խորհրդին: Սենատին ուղղված ուղերձում ասվում էր.
«…Ադրբեջանական և հայկական կողմերիմիջեւ հրադադարի և այլ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունները պահպանելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց խուսափելու նպատակով, ես որոշեցի անհապաղ Լեռնային Ղարաբաղ ուղարկել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախումբ…»:
Այս պաշտոնական նպատակներից և ոչ մեկը չիրականացավ։ Բայց Բոնդարևը իրավացի է. սկզբնական, չհայտարարված նպատակը լիովին իրականացվել է՝ պոկել Արցախը Հայաստանից, տեղահանել նրա բնիկ բնակչությանը և Արցախը դարձնել պլացռարմ Հայաստանի և Իրանի դեմ:
Արցախցիներն հեռացան հայրենիքից Պուտինի զգոն հայացքի ներքո, ում դիմանկարը կախված էր Ստեփանակերտից դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հիմա ռուսական զորքերը դուրս կգան նրա հայացքի տակ։ Թե՞ նրանք Աղդամով են գնալու։