73 ամյա տիկին Ջուլիետան իր ողջ կյանքը ապրել է Արցախում, Երևան գալիս էր խիստ անհարաժեշտության դեպքում, այն էլ հիմանականում իր ամուսնու հետ՝ իրենց հայտնի կապույտ նիվայով. ինքը ճանապարհն էր ցույց տալիս, իսկ ամուսինը մեքենան էր վարում: Հիմա նա Երևանում է, իսկ ամուսինը Ստեփանակերտում: Ասում է, որ սա ամենաերկար ժամանակահատվածն է, որ իրարից բաժանված են։ Ասում է, որ նույնիսկ արտագնա աշխատանքի չէր թողնում, որ ամուսինը գնա, քանի որ չէր պատկերացնում, թե ինչպես պիտի իրարից հեռու լինեն:
Տիկին Ջուլիետան 2022 թվականի դեկտեմբերի 26-ին պետք է մեկներ Երևան հերթական վիրահատության: «Երբ փակել էին ճանապարհը, մտածում էի՝ մի քանի օրից կբացեն, կմեկնեմ, կանեմ վիրահատությունս։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ամիսները անցնում էին, հիվանդությունս բարդանում, իսկ ես չեի կարողանում հասնել Երևան: Մյուս կողմից վախենում էի թողնել ընտանիքս, վախենում էի, որ չեմ կարողանալու վերադառնալ Արցախ»։
6 ամիս ապրել է այն սպասումով, որ մի օր ճանապարհը կբացվի, և նա կկարողանա հանգիստ սրտով մեկնել Երևան:
Հուլիսին տիկին Ջուլիետան մեկնեց Երևան ԿԽ միջազգային կոմիտեի միջոցով, քանի որ այլևս անհնար էր հետաձգել վիրահատությունը՝ կամրջից այն կողմ թողնելով մեծ ընտանիքը: Չնայած որ այստեղ իրեն լավ են նայում, խանութները լեփլեցուն են, կարող ես մտնել և գնել այն ամենը, ինչը մտքովդ անցնում է, ինչն արդեն 7 ամիս է անհնար է Արցախում, բայց ամեն ինչ կորցնում է իր փայլը, երբ քո տանը չես, քո ամուսնու, երեխաների և թոռների հետ չես:
«Արդեն 20 օր է, ինչ Երևանում եմ, ու չեմ կարողանում վերադառնալ Արցախ: Վեր եմ թռնում ամեն մի զանգից, այն հույսով, որ ԿԽ-ից են զանգում և ասում են այդքան սպասված նախադասությունը՝ «վաղը կգաք Գորիս, որ գնաք Ստեփանակերտ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: