Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից

  • 05:21 21.07.2023

«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։

Ամբողջ աշխարհի աչքի առաջ ոտնահարվում են մարդու բոլոր հիմնարար իրավունքները, եւ, ըստ միջազգային բոլոր կանոնների, դա պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություն և ֆաշիզմի դրսեւորում։ Համոզված եղեք, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Արցախում, կդառնա միջազգային հետաքննության առարկա և կարժանանա միջազգային իրավական գնահատականի։

Սա մարդասիրական ճգնաժամ չէ, այլ քաղաքական և իրավական, սա միջազգային իրավունքի ճգնաժամ է, որը չի կարող պաշտպանել մի բուռ մարդկանց, ովքեր պարզապես ուզում են ապրել սեփական հողի վրա, որտեղ բոլորը կարող են գծել իրռնց տոհմածառ՝ արմատացած ոչ թե դարերով, այլ հազարամյակներով։

Մարդիկ ստիպված ժամերով հերթեր են կանգնում սովորական սննդի համար, տարեցներն ու անօգնականներն արդեն առանձնապես դժվարություններ են ապրում։ Գյուղատնտեսական աշխատանքներ չեն տարվում, աղբը հանելու հնարավորություն գրեթե չկա, ու արդեն խոսում են համաճարակային իրավիճակի վատթարացման մասին։

Բժիշկներն ասում են, որ հղի կանայք թերսնման պատճառով անառողջ երեխաներ են ծնում, մարդիկ մահանում են, քանի որ շտապօգնությունը չի կարողանում ժամանակին ժամանել։

Երկար ժամանակ ֆաշիզմը չարիք համարող քաղաքակիրթ աշխարհում և նույնիսկ Հայաստանում չէին հավատում շրջափակմանը։ Բոլոր բացատրությունները հանգում էին կա՛մ թերահավատ վերապահումներին, ասենք՝ այս ամենը կրկես է, և դուք եք մեղավոր, կա՛մ իշխանությունը, կողմնորոշումը փոխելու խորհրդներին։

Միայն վեց ամիս անց իրավասու միջազգային կազմակերպություններն ու դատարանները պաշտոնապես հաստատեցին, որ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում՝ մի ամբողջ ժողովրդին քաղաքական հնազանդության պարտադրելու համար։ Սա ռազմական հանցագործություն է, և այն պետք է որակվի և պատժվի օրենքի ողջ խստությամբ։

Միջազգային քաղաքական դատարանը որոշել է ձերբակալել Պուտինին, ով արյունալի պատերազմ է մղում Ուկրաինայում՝ սեփական անառողջ հավակնությունները բավարարելու համար։ Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, կներառվի Հաագայի դատարանում Ալիևի գործում և կմիացվի «Պուտինի գործին»։

Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից։