Այս բնակապահովման ծրագրից հետո շատերը Հայաստանում մնալու խթան չեն ունենա

  • 14:50 18.05.2024

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը։

-Հայաստանի կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը։ Ըստ այդմ՝ 2-5 մլն դրամ աջակցություն կտարամադրվի յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի՝ բնակարանային խնդիրները լուծելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրը, արդյոք այն բավարարո՞ւմ է արցախցիների կարիքները։

-Ես այս կառավարության ծրագրերի մանրամասներին չեմ ծանոթանում, քանի որ իրենցից որեւէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ։ Ես կարդացել եմ սոցիալական ցանցում մարդկանց դիրքորոշումները, որոնք միանշանակ բացասական են։ Բոլորը միաբերան պնդում են, որ սա ՀՀ տարածքից արցախցիների արտագաղթը խթանելու գործիք է։ Այսինքն՝ մարդկանց հույսն են մարում, որ այստեղ բնակարան ձեռք բերելու ակնկալիք չունենան։ Եվ, հետեւաբար, արդեն շատ շատերը Հայաստանում մնալու խթան չեն ունենա։

Փոխհատուցման թվերը բոլորս էլ կարող են վերլուծել եւ եզրակացնել, որ սա ծաղր է։ Նայեք Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակարանների արժեքը եւ համադրեք առաջարկվող գումարի հետ, կտեսնեք, որ դա ռեալ թիվ չէ։ Ենթադրենք, 4 հոգանոց մեկ ընտանիքի եթե 3 մլն-ական դրամ են հատկացնելու, 10-12 մլն դրամով որտե՞ղ կարելի է  բնակարան ձեռք բերել։ Ես չեմ կարծում, որ արցախցիների բնակարանային խնդիրն այս տարբերակով պետք է լուծվի։ Այս խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ պետությունը պետք է բնակարաններ կառուցի, ըստ բնակավայրերի թաղամասեր ստեղծի արցախցիների համար։ Թեկուզ այդ բնակարանները կարող են տալ ոչ թե սեփականության իրավունքով, այլ որոշակի ժամկետով բնակվելու իրավունքով։ Ամենատրամաբանական մոտեցումը սա է, այլապես 2 կամ 3 մլն դրամ հատկացնելը հարցի լուծում չէ, սա հարցից խուսափել է նշանակում։

Մյուս խնդիրն այն է, որ ծրագրից օգտվելու համար պարտադիր պետք է ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այսինքն՝ կառավարությունը մեկ ապօրինի որոշմամբ քաղաքացիությունից զրկում է արցախահայերին, մոտ 140 հազար անձի, այնուհետեւ բերում են մի ինչ-որ ծրագիր են ներկայացնում, ասում են, որ դա բնակարանային ապահովման ծրագիր է եւ քաղաքացիության պահանջ են դնում։ Վերջին վիճակագրության համաձայն՝ բռնի տեղահանված արցախցիներից մոտ 1000 մարդ է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Ես պնդում եմ, որ մենք բոլորս ՀՀ քաղաքացի ենք, մեզ ապօրինի փորձում են զրկել այդ քաղաքացիությունից։ Դրա պատասխանը նրանք դեռ տալու են, քրեաիրավական գնահատական պետք է տրվի, ես եւ իմ նման բազմաթիվ մարդիկ հետամուտ ենք լինելու, որ հայցեր ներկայացվեն։

Արցախցիների սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ կոլեկտիվ հայցեր կներկայացվե՞ն։

-Այդ հայցերը պետք է ներկայացվեն Ադրբեջանի դեմ։ Միջազգային կառուցակարգերով ու միջազգային իրավունքով պետք է այդ խնդրին լուծում տրվի։ Անհատական ու կոլեկտիվ հայցեր պետք է լինեն, իսկ ՀՀ-ն՝ որպես արցախահայերի իրավունքների երաշխավոր, պետք է հետամուտ լինի մարդկանց կորցրած գույքի փոխհատուցման համար։ Բայց, ներկա իշխանությունները, բնականաբար, նման քայլի չեն գնա, որովհետեւ նրանք  ադրբեջանա-թուրքական շահ են սպասարկում։

ՀՀ կառավարության դեմ չպե՞տք է հայցեր ներկայացվեն՝ այս անգործության համար։

-Որեւէ արցախցի կաշկանդված չէ նման գործընթաց սկսելու, բայց դա տեւական ժամանակ  ու ռեսուրս է պահանջում։ Իսկ բռնի տեղահանված քաղաքացիներն այնպիսի վիճակում են, որ ոչ դրա ժամանակը, ոչ էլ հնարավորությունը չունեն։ Դա պետք է կազմակերպված գործընթաց լինի, միանշանակ պետք է կոլեկտիվ հայցեր ներկայացվեն։ Արցախցիների մեծ մասն ակնկալում է, որ վերադառնալու է իր հայրենի օջախ։

-Հայաստանի իշխանություններն ընդհանրապես փակել են Արցախի քաղաքական ու արցախցիների վերադարձի հարցերը։ Ի՞նչ պետք է անել։

-Այս հարցին մեկ լուծում կա, ոչ միայն արցախցիների մասով է այդ խնդիրը, այլ նաեւ ՀՀ քաղաքացիների։ Եվ այս խնդրին կա մեկ լուծում՝ Հայաստանի օկուպացիոն վարչակարգի հեռացում։ Ցանկացած գիտակից մարդ, ով վերլուծելու կարողություն ունի, կարող է հասկանալ, որ այսօր Հայաստանում իշխանությունն օկուպացված է թշնամական երկրի կողմից։ Քանի դեռ Հայաստանը չի ազատագրվել այդ օկուպացիոն ռեժիմից, որեւէ հարց ի նպաստ հայ ժողովրդի, արցախցիների ու ՀՀ բնակչության չի լուծվելու։

Ռոզա Հովհաննիսյան

f