Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը կհաստատվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը։
Ծրագրի շահառուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։
«ԼՂ տեղահանված մեր հայրենակիցները կարող են պարզեցված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետք է մոտենալ Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում»,- նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
– դիմում-հարցաթերթ,
– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,
– ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի վավեր անձնագիր,
– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).
– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
– պետական տուրքի վճարման անդորրագիր:
Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:
Անչափահաս երեխաների դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Ծնողների քաղաքացիություն ստանալու դիմումին զուգահեռ անչափահասների համար նախատեսված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ընթացակարգ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-ից 2 ամսվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտ է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր։ Ծրագրի մանրամասները՝ հետևյալ հղումով:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: