Ազատություն
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-ից 10-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։
Վաշինգտոն էր հրավիրվել նաև Ադրբեջանը, սակայն մինչ այս պահը պահը պարզ չէ՝ արդյոք արտգործնախարար Ջայհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ, թե՝ ոչ։ Պաշտոնական Բաքուն դեռ լուռ է։ Այս անորոշության ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» փոխանցեց՝ որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», – ասել էր Օ’Բրայենը՝ չհստակեցնելով, արդյոք հնարավոր է, որ ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա նաև Միրզոյան- Բայրամով հանդիպում։
Ամեն դեպքում, վաղը մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Բաքուն ևս մեկ անգամ հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պնդել է՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում Անկախության հռչակագրի հիշատակումը, որտեղ խոսվում է Հայաստանի և Արցախի միավորման մասին։