Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հրավիրվել են Մեծ Բրիտանիայում վաղը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: Վարչապետ Փաշինյանն այսօր արդեն մեկնել է Լոնդոն։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։
Հենց այսօր, վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Լոնդոն է մեկնում նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այդ գագաթնաժողովի շրջանակներում արդեն 2 անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022 -ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդ անգամ ՝ 2023 -ի հունիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում, իսկ արդեն անցած տարի հոկտեմբերին Գրանադայում անցկացված հանդիպումը Ալիևը բոյկոտեց, նկատում է Ազատությունը։