Հաջիևի սալտոն. Փաշինյանին հրավիրում են Բաքու՝ նույնիսկ առանց Սահմանադրությունը փոխելու

  • 09:01 22.07.2024

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է The National-ը։ Նա լրագրողներին ասաց, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երեւան։ Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել Հաջիևի հայտարարությանը.

Ավելի վաղ Բաքուն Հայաստանին առաջարկել էր համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ՝ նախքան լայնածավալ համաձայնագրի ստորագրումը, Շուշիում ասել է Հաջիևը։

«Այս սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հավելելով, որ կողմերը կարող են դրանց շուրջ համաձայնության գալ մինչև COP29-ը, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։

Միևնույն ժամանակ Հաջիևը շարունակել է պնդել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը։

«Եթե կա սահմանադրական պահանջ այլ պետության տարածքի նկատմամբ, ապա այն պետք է բացառվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դրվի տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել այս հարցում»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ Իլհամ Ալիևի օգնականի, Բաքուն առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով։

Բաքուն հուսահատ սալտո է անում՝ առաջարկելով Փաշինյանին, քանի որ իրենք ժամանակ չունեն Սահմանադրությունը փոխելու, համաձայնեցնել որոշ «ընդհանուր սկզբունքներ» և ստորագրել դրանք Բաքվում՝ COP29-ի շրջանակներում։ Այդտեղից, ըստ ամենայնի, Ալիևն ու Փաշինյանը պետք է դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու խնդրանքով։ Նման սալտոները վկայում են Բաքվի համար լիակատար իրավական ֆիասկոյի մասին, որը կարող է ճակատագրական դառնալ, եթե Հայաստանի կառավարությունը նորից չօգնի: Ինչո՞ւ է անհրաժեշտ Հայաստանի կառավարությանը համաձայնեցնել «ընդհանուր սկզբունքները»։ Հատկապես այն ֆոնին, երբ Բաքուն ու Մոսկվան սպառում են պատերազմով ահաբեկելու ռեսուրսը։