Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:
Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ»,-ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական լկտի հայտարարությունն է տարածել՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, միաժամանակ սպառնալով նոր պատերազմով Հայաստանին։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի անվան տակ նախնական փուլում 10 միլիոն եվրոյի չափով, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նմանատիպ սադրանքներ իրականացնել և մատնանշում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարության մեջ ասվում է. «Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ»։
Նշենք, որ հայտարարությանը նախորդել էր ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը Տավուշի ուղղությամբ, իբր, հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հենց նման տեղեկատվական ներարկումներով է Բաքուն նախորդում իր ագրեսիվ գործողություններին։