Ռազմական գործողությանը մասնակցելու պայմանագիր կնքած զինվորականները կստանան 400 հազար ռուբլի միանվագ վճար /մոտ 4000 դոլար/։ Դրա համար անհրաժեշտ կլինի պայմանագիր կնքել այս տարվա օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի։
Նախկինում 2022 թվականի սեպտեմբերի 21-ից հետո պայմանագիր կնքած զինվորականներն իրավունք ունեին միանվագ կանխիկ վճարման՝ 195 հազար ռուբլու չափով։ Հաղորդվում է, որ ամսական վճարումների հետ միասին վճարը հասնում է տարեկան մոտ 60 հազար դոլարի։ Զգալի գումար է վճարվում նաև մահվան դեպքում, ինչպես նաև վիրավորվելու դեպքում։
Պաշտպանության նախարարության հուլիսի սկզբի տվյալներով՝ 2024 թվականի սկզբից շուրջ 190 հազար ռուսաստանցիներ պայմանագրեր են կնքել պաշտպանության գերատեսչության հետ։ Դեկտեմբերին ռազմական գերատեսչությունը “հատուկ գործողության” մեկնարկից ի վեր առաջին անգամ հայտարարեց զինված ուժերում պայմանագրային ծառայողների թիվը՝ 640 հազար մարդ։ Պուտինը հունիսին հայտնել էր, որ հատուկ գործողության գոտում մոտ 700 հազար ռուս զինծառայող կա։
Այս փողի շնորհիվ ռուսական «դեպրեսիվ» “գլուբինկան”, որտեղից էլ գալիս են պայմանագրային ծառայողները, կենդանացել է. պահանջարկը սկսեց աճել, հիփոթեքային վարկերի ծավալներն ավելացան: Եթե սրան գումարենք պաշտպանական ձեռնարկություններում բարձր աշխատավարձերը, ապա հասկանալի է դառնում Ռուսաստանում տնտեսության մակարդակի արտաքին պահպանումը։ Միաժամանակ երկրում աճում է գործազրկությունը, ԿԲ-ն արդեն իսկ զգուշացրել է տնտեսության բացասական միտումների մասին՝ բարձրացնելով տոկոսադրույքները, և բոլորը սպասում են դրամական “ջրհեղեղից” հետո հաջորդ ճգնաժամին։