Շրջափակված Արցախում այսօր ապրում է 30.000 երեխա, որոնց իրավունքները ամեն օր ոտնահարվում են, մասնավորապես կրթություն ստանալու իրավունքը: Շրջափակման պայմաններում բավականին դժվարություններով ավարտվեց ուսումնական տարին, սակայն առավել դժվար է կազմակերպել մանկապարտեզների գործունեությունը՝ տրանսպորտի, սննդի բացակայության պատճառով: Այժմ բավականին մեծ դժվարությամբ մանկապարտեզները կարողանում են որոշ սահմանափակումներով կազմակերպել սննդի մատուցման հարցը, սակայն տրանսպորտի բացակայությունը արդեն իսկ բավականին բարդացրել է իրադրությունը, մասանովարապես այդ պատճառով երեխաների մի մասը հնարավորություն չունի հաճախել մանկապարտեզ:
Ստեփանակերտի բնակիչ Վ.Պ-ն երեք երեխաների մայր է, ուոնք հաճախում են դպրոց, մանկապարտեզ, ինչպես նաև տարբեր խմբակներ: Ըստ մեր զրուցակցի, տրանսպորտի բացակայություն պատճառով երեք երեխաների հետ, որոնցից մեկը ի դեպ ընդամենը 8 ամսական է, ստիպված քայլում են 10 կմ, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան հաճախել մանկապարտեզ, խմբակներ:
Վ.Պ-ն նաև նշեց, որ այժմ մանկապարտեզը կարողանում է հոգալ սննդի հարցերը, բայց տրանսպորտի պատճառով և մանկապարտեզում, և խմբակներում ունեն բացականեր:
Մ.Մ-ն ընտանիքով ապրում է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասում, ասում է, որ մեծ աղջիկը մինչև տրանսպորտի գործունեության դադարեցումը մեծ սիրով հաճախում էր չինական մարտարվեստի խմբակ, սակայն այժմ չնայած, որ երեխան ամեն օր լացում է, խնդրում է, որ իրեն տանեն խմբակի, չեն կարողանում, քանի որ խմբակը գտնվում է քաղաքի մյուս ծայրում, իսկ երեխան ընդամենը 6 տարեկան է և նման ծանրաբեռնվածությանը հաստատ դեռևս չի դիմանա:
Մեր զրուցակիցները նաև հավելել են, որ այժմ ամառային արձակուրդներ են, որը գոնե մի քիչ մեղմացնում է իրավիճակը, սակայն եթե մինչև սեպտեմբեր իրավիճակը չբարելավվի, ապա իրավիճակը կրկնակի կբարդանա, նամանավանդ բազմազավակ ծնողների համար:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: