Բերձորի միջանցքը պետք է բացել՝ միջոցների առաջ կանգ չառնելով, այդ թվում ռազմական ճանապարհով

  • 19:45 31.07.2023

«Արցախցիների սոցիալական խնդիրներ շատ են, բայց այսօրվա հիմնական պահանջն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում, Արցախի ինքնորոշման ճանաչում: Ընդ որում դա պետք է լինի զուգահեռ», կառավարության շենքի առջեւ Արցախից տեղահանվածների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։

Նրա խոսքով, Բերձորի միջանցքը պետք է բացել՝ միջոցների առաջ կանգ չառնելով, այդ թվում ռազմական ճանապարհով, եթե այլ տարբերակ չկա. «Մեռնելն է հե՞շտ, թե՞ փորձելը: Միանգամից նաեւ պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, որովհետեւ միջանցքը Ադրբեջանը կարող է դրսի հրամաններով բացի, երկու օր հետո փակի: Այսինքն մինչեւ մեր սուվերենիտետը այնտեղ չհաստատվի, ճանապարհ բացել-փակելը ոչինչ չի տա: Բայց այս պահին արագ պետք է բացել միջանցքը, օգնություն հասնել Արցախի ժողովրդին, զուգահեռ սկսեն ինքնորոշման ճանաչումը: Եթե ասում են՝ չեն կարողանում, ապա թող հեռանան, մեր գլուխը չցավացնեն: Ի վերջո պատասխանատվության ժամը գալու է, եթե քո գործը չես անում, ուրեմն պատասխանատվության պիտի ենթարկվես»,- նշեց նա։

Լևոն Հայրյանն ասաց, որ եթե որոշ մարդկանց համար Վագիֆ Խաչատրյանի առևանգումն անսպասելի էր, ապա Ալիևի հռեոտորաբանությունից արդեն պարզ էր, թե Ադրբեջանն ինչի է պատրաստ. «Այն, ինչ հիմա անվանում են ինտեգրացիա, Արցախի բնակիչների ինտեգրացիան ադրբեջանական բանտերով է լինելու։ Դա է, Ալիեւը ցույց է տալիս ճանապարհը: Եթե ընդունում ենք, դառնում ենք ղազ: Եթե չենք ուզում ղազ լինել, Ալիեւին չենք ընդունում, ռուսի խաղաղարարությունը չենք ընդունում, միջազգային հանրության դեսպան Քվինի ապուշ հայտարարությունը չենք ընդունում եւ վերջ: Մենք պետք է ունենանք սեփական թասիբ եւ դրա հետեւից գնանք: Այո, թող գնան երկխոսության, բայց երկխոսության գնացողը պետք է իմանա, որ Արցախի ինքնորոշումից ցածր կարգավիճակ չպետք է լինի: Դրանից ներքեւ չի կարելի խոսել»,- ասաց նա։