Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանն Արցախի Հանրապետության քաղաքացի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ անդրադառնալով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանն այն մասին, որ օգոստոսի 1-ին ձերբակալել են ՀՀ քաղաքացու:
Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից:
Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին Հայաստանի քաղաքացու ձերբակալելու մասին՝ նշելով, որ ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլերյանին (ծնված 1962 թ.): Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իբր Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: