COP 29-ը․ Բաքուն “պատժում “է ԵԽԽՎ-ին, որը “էթնիկ զտում” է որակել Արցախում կատարվածը

  • 21:01 30.08.2024

COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը երկիր՝ հայտարարելով, որ արգելքը կհանվի միայն այն դեպքում, երբ վերականգնվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության մանդատը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարին որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, քանի որ երկիրը «չէր կատարել հիմնական պարտավորությունները»։  ԵԽԽՎ-ն նաև անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, նշելով, որ “2023թ. ռազմական գործողությունները հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության տեղահանությանը Հայաստան և էթնիկ զտումների»:

Մեկնաբանելով ադրբեջանական որոշումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նշել է․ «Պետք է մի պարզ հարց ուղղել բոլոր այն երկրների կառավարություններին, որոնց պատգամավորներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան՝ դուք դեռ ընտրություն կկատարե՞ք մասնակցել Բաքվում կայանալիք COP 29-ին՝ այդպիսով փաստորեն հիասթափեցնելով ձեր իսկ ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորներին, որոնց մուտքը պարզապես արգելվել է իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար: ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե տեղի տա Ադրբեջանի ճնշումերին։ Մեկ այլ հարց պետք է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե արդյո՞ք ՄԱԿ-ը թույլ է տալիս ավտորիտար ռեժիմին, ինչպիսին Ադրբեջանն է, թելադրել, թե ով կարող է մասնակցել ՄԱԿ-ի կարևոր համաժողովներից մեկին։ Բաքվի աճող ցինիզմը հետևանք է այն բանի, որ նավթային այս փոքր բռնապետությունը պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար և շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ»։

Հիշեցնենք, որ երեկ Մարիա Զախարովան ասել է, թե ոչ մի միջազգային մարմին Արցախում կատարվածը որպես էթնիկ զտում չի որակել։