Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց ապահովելու համար:
Զառա Ամատունին նշեց, որ Ադրբեջանի կողմից մեկ այլ ձերբակալվածին՝ Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:
«Մեր պատվիրակները, որոնց թվում էր նաև մեր բժիշկը, Բաքվում տեսակցել են Վագիֆ Խաչատրյանին՝ ըստ մեր ընթացակարգերի, որպեսզի տեղեկանան որպիսության մասին, ստուգեն առողջական վիճակը և ծանոթանան պահման պայմաններին»,-ասաց Ամատունին:
Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։ Այնուհետև հաղորդագրություն էր տարածել Արցախի ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Ավելի ուշ՛ հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի դատախազությունը, որի համաձայն՝ Ռաշիդ Բեգլարյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել Արցախից Հայաստան գնալու ճանապարհին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: