
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում կառավարական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է ընթանում Ղարաբաղից տեղահանվածների հիմնախնդիրների վերաբերյալ», հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հրավիրած արցախցիների հիմնախնդիրների քննարկումը խափանվեց այն բանից հետո, երբ հանդիպմանը ներկա արցախցիները ներկայացվեցին որպես Արցախի պատգամավորներ և կառավարական պաշտոնյաներ։ ՔՊ ներկայացուցիչները նիստի մեկնարկից 20 րոպե անց լքել են դահլիճը՝ հայտարարելով, որ չեն հանդուրժի «պետություն պետության մեջ»։
Այսօր հանդիպման է հրավիրվել մի խումբ արցախցիներ՝ Անաստաս Իսրայելյանի գլխավորությամբ, ովքեր պետք է պատգամավորներին ու իշխանության ներկայացուցիչներին ներկայացնեն արցախցիների խնդիրներն ու առաջարկները։
Այն, որ պատգամավորները շատ աղոտ պատկերացում ունեն, թե ինչ է կատարվում արցախցիների հետ, երևում էր երեկվա հերթական 250 մլն դոլար վարկի քննարկման ժամանակ, որը Հայաստանի կառավարությունը վերցրել էր արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու պատրվակով։
Երեկվա քննարկումները ցույց տվեցին, որ խորհրդարանական ուժերը Արցախի ժողովրդին վերաբերվում են ոչ թե որպես իրավունքի սուբյեկտի, այլ որպես ներքաղաքական քաշքշուկի օբյեկտի։
Այս վերաբերմունքը թույլ չի տալիս համախմբված և համակարգված մոտեցում մշակել Արցախի և արցախցիների խնդիրների նկատմամբ՝ ցանկացած քննարկում վերածելով մեղադրանքների փոխանակման։ Արդյունքում սա թույլ է տալիս խորքային չքննարկել և չլուծել արցախցիների խնդիրները։
Երեկվա քննարկումները ցույց տվեցին նաև, որ պատգամավորները կամ չգիտեն, թե ինչ է կատարվում, կամ միտումնավոր խեղաթյուրում են երեւույթները՝ դրանք օգտագործելով որպես ներքաղաքական զենք։
Օրինակ՝ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները, պատասխանելով հարցին, թե ինչու են բնակարանի վկայական ստացել արցախցի ընդամենը 8 հազար ընտանիք, գուցե՝ ծրագի՞րն է վատը, հայտարարել են, որ արցախցիները, պարզվում է, հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ստանալուց։ Թվեր չեն հնչեցվել, բայց իրականությունն այն է, որ տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն ստացել են նոր անձնագրեր, բայց չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրից։ Եւս տասնյակ հազարավոր մարդիկ ամիսներով սպասում են, որ իրենց փաստաթղթերն ընդունվեն նոր անձնագրերի համար։
Մեր արցախցի գործընկերներից մեկը երեկ գրել է, որ «ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու երկար գործընթացից հետո (մեզ քաղաքացիությունից ի դեպ զրկեցին անհայտ պատճառով), առցանց կայքը վերջապես համաձայնություն տվեց մեր թղթային փաստաթղթերի ընդունմանը, բայց փաստաթղթերի ներկայացման մոտակա ամսաթիվը հաջորդ տարվա հունվարն է»։
Նրա գրառման տակ հարյուրավոր արցախցիներ ևս նշել են, որ նոր անձնագիր ստանալու համար պահանջվում է առնվազն վեց ամիս։
Շատերը նաև մտահոգված էին, որ նոյեմբերից սկսած Հայաստանը կդադարեցնի հին ձևի անձնագրերի տրամադրումը, քանի որ պատրաստվում է տրամադրել միայն կենսաչափական փաստաթղթեր։ Սակայն կառավարությունը որոշում է կայացրել, որ արցախցիներին, որոնց 070 անձնագրերի ժամկետը լրացել է կամ նոր անձնագրերի կարիք ունեն, կտրամադրվեն հին նմուշի 070 անձնագրեր։ Սա նույնպես բավականին անհասկանալի որոշում է։
Երեկ խորհրդարանի անդամները չեն քննարկել, թե որ իրավունքով են 120,000 արցախցիների քաղաքացիությունից զրկել և դատապարտել մի հայկական անձնագիրը մյուսով փոխանակելու համար տարիների բյուրոկրատական քաշքշուկների, չնայած այս հարցը կարող էր լուծվել կառավարության մեկ որոշմամբ։
Պատգամավորները նաև չհարցրեցին, թե ինչու բռնի տեղահանված արցախցիների հետ աշխատող պետական Փախստականների կոմիտե չի ստեղծվել անմիջապես տեղահանությունից հետո։ Այս մարմինը կարող էր համակարգված և համապարփակ կերպով լուծել տեղահանված բնակչության իրավական, սոցիալական և այլ հարցերը՝ հաշվի առնելով շահառուների կարծիքները։ Այս պետական գործակալությունը կարող էր (և դեռ ուշ չէ) ստեղծել հիմնադրամ՝ Արցախի ժողովրդին աջակցելու համար հատկացված բոլոր միջոցները՝ միջազգային դոնորների օգնությունը, վարկերը և բյուջետային միջոցները, ստանալու համար։ Այս միջոցները կկառավարվեին Հոգաբարձուների խորհրդի կողմից, որը կմշակեր առաջնահերթություններ և նպատակային ծրագրեր՝ առանց որևէ կասկածի, որ միջոցները նպատակային են օգտագործվում։
Նման կասկածներ ներկայումս առաջանում են։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը երեկ հարցրեց, թե ինչու է կառավարությունը նոր վարկ վերցնում, եթե ընդամենը 5000 ընտանիք է մինչ օրս օգտվել բնակարանային վկայականներից, և նախորդ վարկը դեռ չի օգտագործվել։ «Դուք իսկապե՞ս այս միջոցները ուղղորդում եք Արցախի ժողովրդի համար նախատեսված բնակարանային ծրագրերին», – հարցրեց նա։
Այս պահին Խորհրդարանում քննարկումներ են ընթանում սոցիալական հարցերի նախարարի և ներքին գործերի փոխնախարարի մասնակցությամբ, որոնք հիմնականում զբաղվում են Արցախի ժողովրդի հարցերով։
Վերջին ամիսներին, չնայած Արցախի ժողովրդի տեսակետները մերժելու անհասկանալի տրամաբանության պահպանմանը, Հայաստանի պետական մարմինները փորձում են լսել Արցախի ժողովրդին։ Ըստ երևույթին, միջազգային դոնորները նույնպես սկսել են կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի համար նախատեսված ծրագրերի արդյունավետությունը։
Նաիրա Հայրումյան