Մեր վերադարձը պետք է լինի միջազգային երաշխիքներով. Սամվել Շահրամանյան

  • 11:31 02.09.2024

Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահարմանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Շահրամանյանին ու Արցախի իշխանությանն է մեղադրում Արցախը հանձնելու եւ Արցախը լուծարելու որոշում ստորագրելու համար։

«Մենք, տեղահանվելով եւ տեղափոխվելով ՀՀ, որդեգրել ենք մի քաղաքականություն, եւ ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվատանգությունը։ Սա եւս մեր հայրենիքի հիմնական մասն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից եւ չվնասենք անվտանգային համակարգին։ Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ։

Առաջինը դա սուտ թեզ է, այդ փաստաթուղթը մենք ստիպված ենք եղել ստորագրել, ապահովելու խաղաղ բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ զինված ուժերն են տեղափոխվել, ուժային կառույցների պաշտոնյաներ, ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաեւ կենդանի պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ հենց սկզբից մենք տեղյակ ենք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է։ Այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ, այն պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո կարելի է փաստաթուղթը համարել նորմատիվ ակտ։ Եվ արդեն, տեղափոխվելով ՀՀ եւ տեսնելով մեր բնակչության կարծիքը, մենք այդ փաստաթղթի վերաբերյալ կայացրել ենք որոշում։ Եվ ես գրավոր տեղեկացրել եմ այդ որոշման մասին Հայաստանի կառավարությանը, ի դեմս վարչապետի, իր կից փաստաթղթերով։ Եվ այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին, անիմիաստ է եւ դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։

Սամվել Շահրամանյանը նշեց, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդիրն է։ «Մենք պատրաստ ենք այդ հարցով համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ պետք է անեն՝ արցախցիների իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում»,- հավելեց նա։

Հարցին, թե Արցախի իշխանությունը պատրա՞ստ է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ՝ վերադարձի հարցի համար, Շահրամանյանը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք տարբեր ձեւաչափերով հանդիպումների, բանակցությունների, կարեւորը, որպեսզի ձեւակերպված լինի ճիշտ խնդիր ու ձեւաչափ»։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարգավիճակով ու ինչ ձեւաչափով կարող են վերադառնալ, Շահրամանյանն ասաց․ «Ուզում եմ ասել, որ մշտապես մեր օրակարգում է այդ հարցը։ Ուզում եմ նշել, որ արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ, շենացնել իրենց հայրենիքը, հայկական դարձնել Արցախը։ Մեր վերադարձը պետք է լինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի, եւ մենք պետք է ապահով զգանք մեզ մեր հայրենիքում։ Եթե չափանիշներն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»։

Շահրամանյանն ասաց նաեւ, որ հայաստան տեղափոխվելով, չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ․ «Ես փորձեր չեմ արել հանդիպել։ Ինձ թվում է, դա բնական է, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենար, սակայն մինչ այսօր չենք հանդիպել, որեւիցե հարց չենք քննարկել»։

 Ռոզա Հովհաննիսյան