Ալիեւը տորպեդավորում է բանակցությունները, քանի որ վախենում է

  • 18:02 03.09.2024

ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ազատությանն ասել է, որ “Ադրբեջանը փորձում է պատրվակներ անընդհատ հորինել խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, և երբ թվում է, որ Հայաստանը հերթական կառուցող առաջարկով է հանդես գալիս, ընդ որում՝ բացառապես հիմնված իրավունքի միջազգային նորմերի վրա, Ադրբեջանը, ըստ էության, կա՛մ հերթական պահանջն է, անիրականանալի, ընդ որում, ներկայացնում, կա՛մ, օրինակ, նման հայտարարությամբ է հանդես գալիս: Եվ տպավորությունս, այո, այն է, որ Ադրբեջանը այս ամենը անում է պրոցեսը անընդհատ ձգձգելու և խաղաղության պայմանագիր չստորագրելու համար”:

Հիշեցնենք, որ Բաքուն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, եվրոպական դիտորդներին դուրս բերել, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, ասում է, որ Հայաստանը չպետք է զինվի։

Իր հերթին ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով Ալիեւի պահանջին՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, ասաց. «Դա նշանակում է, որ Ալիեւը մինչեւ հիմա վախենում է, որ մի օր շրջադարձ տեղի կունենա եւ նորից ամեն ինչ կվերադառնա այն ժամանակները, երբ 16 տարի շարունակ միջնորդներն ասում էին, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է խնդիրը լուծվի եւ բոլոր միջազգային կազմակերպությունները դա կրկնում էին: Իրեն մնում էր միայն դժգոհել, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են, որ Արցախը ճանաչի»:

Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի հարցը փակ չէ եւ երբեք չի կարող փակ լինել, քանի դեռ Արցախը անկախ չէ: