Սա քաղաքական հիմարություն է՝ միայն ճնշելու նպատակով

  • 17:05 04.09.2024

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով արցախցի Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Փաշինյանի համար տարբերություն չկա՝ խնձորը նետողը արցախցի է, թե ով է։ Եթե որեւէ մեկն իր նկատմամբ ցանկացած եղանակով դժգոհություն է արտահայտում՝ կլինի դա խոսքով, խնձոր նետելով կամ կոշտ քննադատության միջոցով, ինքը միանշանակ ապօրինի քրեական վարույթի զոհ է հանդիսանալու։

-Վերջին ամիսներին տարբեր քրեական գործեր հարուցվեցին Արցախի համայնքապետերի նկատմամբ, նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենայի գործով նոր քրեական վարույթ է հարուցվել։ Այս գործերը ի՞նչ են փաստում եւ ի՞նչ հիմք ունեն։

-Այս գործերը բոլորն ապօրինի են, եւ ես ամեն մի գործով իրավաբանորեն պատրաստ եմ հիմնավորել, որ ցանկացած հետապնդում ապօրինի է։ Օրինակ՝ համայնքապետերի խարդախության գործով մինչեւ հիմա չկա ճանաչված տուժող։ Այն դեպքում, երբ խարդախությունը սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, որի պարագայում տուժող ճանաչելը երեւի վարույթի առաջին գործողություններից մեկը պետք է լիներ։ Բայց մոտ հինգ ամիս տեւող այդ ապօրինի վարույթի ընթացքում Քննչական կոմիտեն դեռեւս չի որոշել, թե ում պետք է ճանաչի տուժող։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի մեքենայի գործով հարուցված վարույթին, ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ գործ ունի Արցախի Հանրապետության կողմից ձեռք բերված մեքենաների հետ։ Ուշադրություն, խոսքը չի վերաբերում Պաշտպանության բանակի մեքենաներին։ Օրինակ՝ Արցախի նախագահին սպասարկող մեքենաների ձեռքբերման հետ ՀՀ կառավարությունն ի՞նչ գործ ունի կամ Հայաստանի Հանրապետությանն ի՞նչ վնաս կարող է պատճառվել, եթե այդ մեքենան տիրապետվում է այդ անձանց կողմից։ Համացանցում տարբեր տեղեկություններ են տարածում, որ Արցախի նախագահն իբր այդ մեքենան սեփականացրել է, բայց ես մի քանի անգամ հրապարակում եմ կատարել այդ մասին եւ հիմա էլ կրկնում եմ, որ Արցախի նախագահն Արցախին պատկանող որեւէ մեքենա իր անունով չի սեփականացրել։ Ոչ իր անունով, ոչ էլ իր վստահված անձի անունով։ Այսինքն՝ ինքն ընդամենը տիրապետել է այն ավտոմեքենային, որը պետք է սպասարկեր իրեն։ Վարորդի միջոցով տիրապետել է այդ ավտոմեքենային։ Բայց նախագահը մի քանի անգամ դիմել է Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով քննարկել այդ ավտոմեքենաների ճակատագրի հարցը։ Բայց ոչ մի արձագանք չի եղել։ Հիմա քրեական վարույթ հարուցելու որոշման մեջ նշվում է, որ ոչ թե նախագահն է սեփականացրել, այլ նշում են, որ «․․․պարտավոր լինելով հանդերձ հանձնել ՀՀ իրավասու մարմիններին»։

-Բայց ո՞ր մարմնին պետք է հանձներ, այդ հարցի պատասխանը կա՞։

-Երեք կարեւոր հարցի պատասխան չկա։  Նախ, ո՞ւմ պետք է հանձներ, ո՞ւմ նկատի ունի Քննչական կոմիտեն՝ «իրավասու մարմին» տերմինն օգտագործելով։ Երկրորդ, ո՞ր օրենքով կամ իրավական ակտով է Արցախի Հանրապետության նախագահը կամ ցանկացած արցախցի պարտավորություն կրել իր կողմից ձեռք բերված գույքը  հանձնել Հայաստանին։ Այսինքն՝ իրավական ի՞նչ հիմքով է նախագահն այդպիսի պարտավորություն կրել։ Եվ երրորդ, այդ չհանձնելու գործողությամբ ո՞ւմ է վնաս պատճառվել, եւ ի՞նչ վնաս է պատճառվել։ Քրեական վարույթի արձանագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանն է վնաս պատճառվել։ Հայաստանի Հանրապետությունն ու հասարակությունն ի՞նչ կապ ունեն Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի հետ։ Եվ հետքրքիրն այն է, որ այդ ավտոմեքենան առգրավում են, եւ առգրավումը տեղի է ունեցել նախագահի կողմից ճեպազրույց տալուց անմիջապես հետո։

-Դուք ի՞նչ միտում եք տեսնում, հատուկ քաղաքականությո՞ւն է վարվում։

-Հիմարություն է արվում, դա քաղականություն էլ չի կարելի համարել։ Եթե դա քաղաքական մտածված քայլ լիներ, այլ հարց է, բայց այս քայլը հիմարություն է։ Սա քաղաքական հիմարություն է։

-Նպատակը ո՞րն է։

-Նպատակը՝ ճնշել մարդկանց, հնարավորինս ճնշում գործադրել։ Մեքենան փոխադրամիջոց է, այդ փոխադրամիջոցը վերցնելով՝ նպատակ են հետապնդում ճնշել, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող ցանկացած գործողություն։

-ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել Արտակ Բեգլարյանի բողոքի կապակցությամբ, ըստ որի՝ Հանրային հեռուստատեսությունը խախտել է էթիկայի կանոնագրի մի շարք կետեր՝ բացասական վերաբերմունք գեներացնելով արցախցիների նկատմամբ։ Հանրային հեռուստաընկերությունն իր հերթին ասում է, որ արցախցիների մասին գործերին անդրադառնալով՝ հղում է արել Քննչական կոմիտեի հաղորդագրություններին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Լավ, եթե հայտարարության աղբյուրը Քննչական կոմիտեն է, ապա Հ1-ը, եթե փորձում է օբյեկտիվ իրականությունը ներկայացնել, թող նույնկերպ հղում տա նաեւ մեր աղբյուրներին։ Քննչական կոմիտեն չունի որեւէ հայտարարություն, որին մենք չենք արձագանքել։ Նախագահի գործով արձագանքել ենք, «ոտնամանի գործով» արձագանքել են, բոլոր վարույթներին արձագանքել ենք։ Բա եթե Հ1-ը Քննչական կոմիտեի վրա հղում է կատարում, ինչո՞ւ մի հատ էլ հղում չի կատարում մեր աղբյուրներին։ Ես բազմիցս հրապարակումներ եմ կատարել, ինչո՞ւ գեթ մեկ անգամ Հ1-ից զանգ չստացա որեւէ վարույթի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Թե՞ այդ գործերով Քննչական կոմիտեն ինչ նշում է, դրա վրա պետք  է հղում կատարել ու դրանով բավարարվել, վերջում էլ ասել՝ մենք անմեղ ենք, ՔԿ վրա ենք հղում կատարում։ Քննչական կոմիտեն նախաքննական մարմին է, բնականաբար ներկայացնելու է այն, ինչը քրեական հետապնդման հիմքում դրվել է, չնայած քրեական հետապնդման հիմքում դրված փաստերը խեղաթյուրված ու մոլորեցնող փաստեր են։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նույնպես բազմիցս հայտարարություններ է կատարել, ինչո՞ւ Հ1-ը մեկ անգամ հղում չի արել նրա խոսքին։

Այսինքն՝ սկզբից օգտագործում են Քննչական կոմիտեի գրածը, քանի որ տեսնում են, որ դրանով կարելի է ատելության սերմեր տարածել, հետո էլ, հղում կատարելով Քննչական կոմիտեին, ասում են՝ մենք կապ չունենք։ Սա աբսուրդ է։

Ռոզա Հովհաննիսյան