
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը վերջին տարիներին նիստ չի գումարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Դիմելով ՔՊ խմբակցությանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Երեք տարի առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերին առաջարկում էինք՝ եկեք Արցախի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծենք։ Պատճառաբանությունն ի՞նչ էր՝ կա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողով։ Ասում էիք՝ ավելի բարձր ինստիտուտ կա, որտեղ Արցախի եւ Հայաստանի հարցերը քննարկվում են։ Հիշեցնեմ, որ այդ օրվանից մինչեւ այսօր այդ հանձնաժողովը մեկ նիստ չի արել։ Չէիք ուզում, որ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծվի, պատճառաբանություն էիք գտել։ Այլապես, այդ հանձնաժողովը, որը վեց ամիսը մեկ պետք է հանդիպեր, երեք ամիսը կհանդիպեր»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի իրավական ակտի առկայությունը հիմա էլ է, այսինքն՝ այդ ակտը կա։ Եվ դուք՝ որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը Հայաստանի կողմից։ Հարցը հետեւյալն է՝ հաշվի առնելով, որ նախկին սահմանափակումներն էլ չկան, բլոկադայի խնդիրն այս պահին չկա, մարդիկ գտնվում են ՀՀ-ում, ինչպե՞ս անենք, որպեսզի այդ հանձնաժողովը նիստ գումարի։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկման առարկա պետք է դարձնենք, պարտադիր չէ լինի հրապարակային ու բաց, թեկուզ աշխատանքային կարգով»։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրավազոր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ֆորմատն այլեւս չեղարկելու, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի։ Եվ նման կարգավիճակ ՀՀ-ում որեւէ մեկն այլեւս չունի։ Եվ ես չգիտեմ, թե ես ում հետ պետք է դա քննարկեմ, որպես իրավաբան նույնպես համարում եմ, որ այլեւս այդ ֆորմատը գոյություն չունի»։
Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եթե մենք շարժվում ենք Սահմանադրությամբ եւ օրենքներով, Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը՝ որպես իրավական արտահայտություն, այսօր առկա է ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օրենքներում, այլ նաեւ միջազգային պայմանագրերում։ Եվ այս պայմանագրի առկայությունը անձը չէ, որ որոշում է վերացնել կամ չվերացնել, ինստիտուտներ կան։ Այս հասկացության ներքո Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որն ընտրվել է Արցախի ժողովրդի կողմից, դուք իրավասու չեք համարել չեղյալ, դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով։ Եվ քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտականությունն ու պարտավորությունն է այդ կետերով շարժվել։ Մնացյալը անգործություն է կամ հրաժարում է պարտականությունները կատարելուց։ Եթե հրաժարվում եք դա անելուց, ասեք, մենք էլ համապատասխան իրավական ընթացք տանք»։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ համապատասխան իրավական ընթացք տալու համար համապատասխան իրավական հիմնավորումներ են պետք։ «Այդ հիմնավորումները դուք չունեք, Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է, իրենց պաշտոնյաների որոշմամբ։ Եվ իրավահարաբերությունները եւ ընդհանրապես հարաբերությունները հնարավոր են, երբ կա երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել։ Ես կարող եմ որոշ քաղաքացիների համար ընդունելության օր կազմակերպել եւ հարմար պահի հանդիպել։ Չեմ ուզում իրավական վեճի մեջ մտնել, բայց ես համարում եմ, որ այդ ֆորմատն այլեւս գոյություն չունի՝ ԼՂ իշխանության ընդունած որոշման բերումով»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «ԼեռնայիՆ Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ հանրապետության լուծարման կետ չկա։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետեւ այն բանից հետո, երբ ՀՀ զինված ուժերն առանց որեւէ փաստաթղթի դուրս եկան Արցախի Հանրապետությունից, ուժերը շատ անհավասար էին։
Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂՀ նախագահն է ասում, որ՝ ես ինքս դա չեղարկել եմ։ Այդ դեպքում ինչո՞ւ եք այդ փաստաթղթով առաջնորդվում։ 2021 թվականից դուք այդ հանձնաժողովի համանախագահն եք, այն ժամանակ հանրապետությունն էլ կար, ձեր գործընկերն էլ կար, ոչ մի անգամ նիստ չեք արել։ Բա այն ժամանակ եւ մարդիկ կային, եւ ինստիտուտը կար, եւ հանրապետությունը կար, այդ ժամանակ ինչո՞ւ չարեցիք համատեղ նիստ»։
Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Նախ, Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի ալեւս։ Երկրորդը, ես ՀՀ ԱԺ նախագահն եմ, իսկ դուք ՀՀ ԱԺ պատգամավոր եք, եւ ձեր ու իմ վրա տարածվում է ՀՀ օրենսդրությունը, այլ ոչ թե որեւիցե այլ հնարավոր օրենսդրություն։ Ինչ վերաբվերում է նիստին, եթե ես չեմ սխալվում, մեկ նիստ տեղի է ունեցել։ Երկրորդ հնարավոր նիստն այն ժամանակ տեղի չի ունեցել՝ ԼՂ այն ժամանակվա ԱԺ նախագահի առոջղական խնդրից ելնելով ու իր իսկ խնդրանքով»։
Արթուր Խաչատրյանը կոչ արեց Ալեն Սիմոնյանին առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ եւ հրավիրել համատեղ նիստ։ Նա նաեւ հարցադրում արեց՝ եթե Ալեն Սիմոնյանը չի ընդունում Արցախի օրենսդրությունը, ինչո՞ւ է ընդունում Շահրամանյանի հրամանագիրը, որը արդեն չեղարկված է։
Ռոզա Հովհաննիսյան