Բաքուն նյարդայնանում է. Ալիևը չի կարող սպասել մինչև հոկտեմբեր

  • 23:17 09.09.2024

Թեեւ մինչ այժմ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի բազմաթիվ դրույթներ, այսինքն՝ մոտ 80%, որոշ դրույթների շուրջ համաձայնությունը դեռ հնարավոր չէ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես առաջարկում է հայկական կողմը, նախագծից չհամաձայնեցված դրույթները հանելով։ Սա չի կարելի ընդունելի համարել»,- նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանը կրկին մեղադրել է Հայաստանին «Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու» փորձի մեջ և կրկին պահանջել փոխել Սահմանադրությունը։

Միաժամանակ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զանգահարել է Ալիևին և հայտարարել, որ Աստանան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակի դեր խաղալ։

Ալիևը միանգամից նշել է, որ Աստանայում երկու երկրների միջև այս բանակցություններն անցկացնելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար։

Այսինքն՝ պայմանագիրը չի համաձայնեցվել, բայց Ալիեւը համաձայնում է հանդիպմանը։ Ինչո՞վ է պայմանավորված Ալիևի նյարդայնությունը, և ինչպե՞ս է դա կապված Պուտինի Բաքու կատարած վերջին այցի և Մեղրիի ճանապարհի հարցում Հայաստանի վրա ճնշումների ավելացման հետ։

Այս այցից հետո Իրանը իրեն ոչ բնորոշ անկեղծությամբ մեղադրեց Ռուսաստանին հայ-իրանական սահմանին հակամարտություն հրահրելու և Հայաստանի տարածքը բռնակցելու փորձի մեջ։ Պաշտոնական Երևանը, որն արդեն համաձայնել էր հայ-իրանական սահմանի վերահսկողությունը փոխանցել «երրորդ երկրների մասնավոր ընկերություններին», արդեն մի քանի օր է ստիպված է օրական մի քանի անգամ Իրանին հավաստիացնել, որ կպահպանվի հայկական իրավասությունը Սյունիքում։ Իրանը չի հավատում դրան, ուստի սպառնում է, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն ցանկացած ձեւով։

Սյունիքի «խաղաղ» հանձնման ծրագիրը կանգ է առել Իրանի կոշտ դիրքորոշման պատճառով։ Այժմ Մոսկվան և Բաքուն ստիպված կլինեն ռազմական գործողության դիմել, որն այս անգամ կարող է բացասական արձագանք առաջացնել Արևմուտքում։

Իրավիճակը լիցքաթափելու համար Աստանան առաջարկում է Ալիևին և Փաշինյանին հանդիպել, և, դատելով Բաքվի ԱԳՆ հայտարարությունից, այս անգամ Փաշինյանին “կառաջարկեն” փոխել Սահմանադրությունը, «չեղարկել» Մինսկի խումբը, սահմանափակել հայկական զինված ուժերը, դուրս բերել եվրոպացի դիտորդներին և հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից։

Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերին Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, բայց Բաքվի նյարդայնությունը, ըստ երևույթին, թույլ չի տալիս սպասել մինչև հոկտեմբեր։ Ով գիտի, թե ինչ կարող է լինել մի ամսվա մեջ: