Թեւանյանն այցելել է Դոնեցկ. Միութենական պետության նախապատրաստությունը սկսվել է

  • 10:05 16.09.2024

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և նրա գլխավորած պատվիրակությունն առաջին անգամ այցելել են “Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն” և հանդիպել տեղի խորհրդարանականների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա աննախադեպ այց է, քանի որ Հայաստանից ոչ մի քաղաքական պատվիրակություն նախկինում չի այցելել ԴԺՀ։ Մեր այցով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման օգտին»,- լրագրողներին ասաց Թևանյանը։

Հայաստանում գալիք «թեժ» աշնան ֆոնին Թևանյանի ժեստը վաբանկ քայլ է հիշեցնում: Հայաստանում ռուսամետ ուժերը վատ համբավ ունեն 2020-2023 թվականների պատերազմներից հետո, և փորձագետներն ասում են, որ Փաշինյանի կուսակցության ձայները տալիս են մեծամասամբ նրանք, ովքեր դեմ են ռուս-թուրքական գաղութային կախվածության «թարմացում» ձգտող ուժերին։ Թեև շատ վերլուծաբաններ նման ուժերի թվում են տեսնում նաեւ Փաշինյանի կուսակցությունը, սակայն արևմտամետ գործունեության իմիտացիան թույլ է տալիս Փաշինյանին մանևրելու։

Ինչ վերաբերում է Թևանյանի քաղաքական քայլին, ապա հնարավոր է, որ սա Հայաստանի առաջիկա ներքաղաքական իրադարձությունների ժամանակ Մոսկվայի աջակցությունը ստանալու համար վճառած գինն է։

Հայաստանում վաղուց են խոսում արտահերթ ընտրությունների ու հակափաշինյանական հնարավոր բողոքների մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մի քանի անգամ խորհրդարանի ամբիոնից խոսել է ՀՅԴ որոշակի շրջաբերականի մասին, որտեղ ասվում է Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միացնելու մտադրության մասին։ Լուկաշենկոն վերջերս եւս հայտարարեց նաև, որ «հայերը շատ խելացի են, և շատ շուտով կհասկանան, թե ում հետ է ավելի անվտանգ»։

Բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոայերսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, զուգահեռներ բերելով վրացական իրադարձությունների հետ, չբացառեց, որ շատ շուտով Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում կտեսնենք ռուսամետ կառավարությունների։ Այն, որ Բաքուն գործում է Մոսկվայի հետ համատեղ, այլեւս կասկած չի հարուցում։ Վրաստանի “երազանքն” էլ ակնհայտ է։ Եւ փորձագետները չեն բացառում, որ Հայաստանում եւս հնարավոր է իշխանություն փոխվի։

Այս հայտարարությունների «արդարությունը» ապացուցում է Թևանյանի այցը Դոնեցկ. եթե Ռուսաստանին հաջողվի «ճեղքել» Մեղրիի «միջանցքը», ապա Հայաստանը կվերադառնա Թուրքիայի և Ռուսաստանի միջև կեղծ «ընտրությանը»։ Թեւանյանը պատրաստվում է նման ընտրության եւ արդեն վճարել է ղալիմը։

Նաիրա Հայրումյան

f