Ազատություն
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին:
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին», – ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման վայրի մասին մանրամասներ Կառավարության լրատվականը չի փոխանցում։
Ըստ հրապարակված լուսանկարների՝ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։