Լավրով. Ռուսաստանը կարող է զորքերը դուրս բերել Աբխազիայից… Վրաստանի դիմաց

  • 10:56 30.09.2024

DW

ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսել է Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով «գործարքի» հնարավորության մասին։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է, որ հնարավոր է Վրաստանում երկարաժամկետ առճակատման կարգավորման համաձայնություն։ Ռուսաստանը բաց է փոխզիջման համար, որը կարող է հանգեցնել իր զորքերի դուրսբերմանը Աբխազիայից և Հարավային Օսիայից, ասել է Լավրովը։

Ավելի վաղ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր կրեմլամետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր, որ վրացական իշխանությունները «ուժ կգտնեն» ներողություն խնդրելու 2008 թվականին Հարավային Օսիայի հետ պատերազմի համար։ Նրա խոսքերը բողոքի ցույցեր են առաջացրել ամբողջ երկրում:

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Լավրովի հայտարարությունը, ասել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է Mtavari-ն։ «Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ դրական է։ Սակայն ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- Թբիլիսիի քաղաքապետի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։

Վրացական ընդդիմությունը ռուս դիվանագետի խոսքերը համարել է սադրանք և խայտառակություն իշխող կուսակցության համար։ «Լավրովն, իհարկե, իր հայտարարությամբ հաստատում է, որ համագործակցում է «Վրացական երազանքի» և Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Կուսակցության համար շատ ամոթալի է, որ Լավրովը հավանություն է տալիս Ռուսաստանի կողմից ճանաչված այսպես կոչված անկախ պետությունների հետ համագործակցելու վրացական իշխանությունների ցանկությանը։ Ավելի մեծ ամոթ չի կարող լինել Վրաստանի իշխանությունների համար»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Թամարա Կորձայան:

Խմբ․ կողմից․ Մոսկվայի նման «պատրաստակամությունը» հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Վրաստանը վերջապես վերադառնա Ռուսաստանի գիրկը։ Դրա համար «Վրացական երազանքը» պետք է հաղթի հոկտեմբերի ընտրություններում, եւ Լավրովը նրան նախընտրական բոնուս է տալիս։