“Ինչպես ՌԴ նախագահի մուտքն է արգելված հարյուրավոր երկրներ, այնպես էլ Ալիեւը մուտքը կարգելվեր”

  • 12:14 05.10.2024

«Ադրբեջանի պահանջները վերջ չեն ունենալու։ Եվ սա միջանկյալ պահանջ է, պահանջներն անընդհատ շարունակվում են։ Հայաստանի Հանրապետության իշխանությունն էլ՝ պատերազմի վախից դրդված, անընդհատ գնում է զիջումների»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ալիեւի պահանջներին, թե Հայաստանը պետք է հետաքննի եւ պատժի Արցախյան պատերազմի մասնակիցներին։

Փաստաբանը նշում է, որ ընդդեմ Ադրբեջանի միջազգային քրեական դատարան հայց չներկայացնելը Հայաստանի իշխանությունների ամենամեծ բացթողումներից է, քանի որ դրա միջոցով հնարավոր կլիներ Ադրբեջանի նկատմամբ ունենալ քաղաքական լրացուցիչ լծակ, որը միջազգային հարթակներում Հայաստանի բանակցային դիրքն ավելի ուժեղ կդարձներ։ «Ինչպես, օրինակ, ՌԴ նախագահի մուտքն է արգելված հարյուրավոր երկրներ, որոնք միջազգային քրեական դատարանի անդամ են եւ վավերացրել են Հռոմի ստատուտը, այնպես էլ Ալիեւը մուտքը կարգելվեր։ Եթե Հայաստանը միջացգային քրեական դատարանի օգնությամբ հասնի այդ նույն արդյունքին, Ադրբեջանի նախագահը չի կարողանա այցելել երկրագնդի պետությունների մեծ մասը եւ միջազգային դիվանագիտության տեսանկյունից կլինի իզգոյի կարգավիճակում»,- ասաց նա։

Այսինքն, Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը՝ ցեղասպանությունը պետք է միջազգային քրեական դատարանի կողմից գնահատական ստանար, եւ պատասխանատուները բացահայտվեին։ Պահանջատեր երկիրը պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունը, իսկ ՀՀ իշխանությունները պասիվ դիրք են որդեգրել։ Այս ֆոնին Ադրբեջանը փորձելու է ավելի ամրապնդել իր դիրքերը։

Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել։ Դավիթ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ 2020 թվականին Ադրբեջանն Արցախում կիրառել է արգելված զինատեսակներ՝ ֆոսֆորային ռումբեր, հրդեհել է անտառներ, բնապահպանական աղետ է առաջացրել։ «Այդ պատերազմական հանցագործությունների համար դեռ 2020 թվականին պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկվեին։ Իսկ 2023 թվականի Արցախի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն այդ անպատժելիության հետեւանք են։ Այսինքն՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում չպատժվեց 2020 թվականին իր կատարած ռազմական հանցագործությունների համար, չպատժվեց էթնիկ զտման ու ցեղասպանության համար, եւ այդ անպատժելիությունը հանցածին է, իրեն թվում է, թե իրեն ամեն ինչ կարելի է։ Ադրբեջանի իշխանություններն այս պահին ամենաթողության վիճակում են, դրա համար անտրամաբանական ու անհեթեթ պահանջներ են ներկայացնում։ Երեւի մտածում են, որ Հայաստանի իշխանությունները նաեւ դրան կգնան»,- հավելեց նա։

Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ պատերազմն անխուսափելի է, այսինքն՝ երբ Ադրբեջանը հարմար առիթ ունենա, հարձակվելու է, անկախ նրանից, թե ինչքան ենք զիջել ու ինչ ենք զիջել․ «Այսինքն՝ զիջումների քաղաքականությունը ոչ թե երկրաձգում կամ հեռացնում է պատերազմի վտանգը, այլ Ադրբեջանն ուղղակի հիմա պատրաստ չէ պատերազմի»։

Ռոզա Հովհաննիսյան

 

f