Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ 400 անօդաչուներով պահեստին հարված են հասցրել

  • 12:23 10.10.2024

Ուկրաինայի Զինված ուժերի հարվածային խումբը Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումների հետ հարվածեր են հասցրել Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանի Օկտյաբրսկի բնակավայրի մոտ տեղակայված անօդաչու թռչող սարքերի պահեստավորման բազային։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, Facebook սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Ըստ առկա տեղեկատվության՝ այնտեղ պահվել է մոտ 400 հարվածային անօդաչու թռչող սարք։ Օբյեկտիվ հսկողության արդյունքներով արձանագրվել է թիրախին ճշգրիտ հարված։ Օբյեկտի տարածքում նկատվել է երկրորդական պայթյուն»,- հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։

Լրագրող Ալեքսանդր Նևզորովը Telegram-ի իր ալիքում մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ իբր երևում է, որ Եյսկի շրջանի պահեստներից մեկում բռնկված հրդեհ և պայթյուններ։

Իր հերթին Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ Օկտյաբրսկում «պահեստային տարածքներ» են բռնկվել, և հրդեհը տեղայնացվել է 1600 քառակուսի մետր տարածքում։ Թե կոնկրետ ինչ է պահվում պահեստներում և ինչն է բռնկվել, չի նշվում։

Մինչդեռ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան մի շարք Telegram ալիքներ հաղորդել են Ադիգեայի ռազմական օդանավակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։ Astra Telegram ալիքի փոխանցմամբ՝ Խանսկայա ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Մայկոպի մերձակայքում գտնվող Խանսկայա գյուղի մոտ, խոցվել է անօդաչու թռչող սարքի կողմից։

«Խանսկայա ռազմական օդանավակայանը գտնվում է Խանսկայա գյուղից 3 կմ դեպի արևելք, Մայկոպ քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Բաց տվյալների համաձայն՝ այնտեղ է գտնվում օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցի բազայի 272-րդ ավիացիոն ուսումնական հաստատությունը»,- պարզաբանվում է գրառման մեջ։

Խանսկայա ռազմական օդանավակայանի մոտակայքում բռնկված հրդեհը գրանցվել է նաև ՆԱՍԱ-ի հրդեհային մոնիտորինգի համակարգի կողմից։